Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արթուր Պ.-ի:
Վերջինսի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի հունիսի 16-ին` ժամը 23-ի սահմաններում, ալկոհոլային հարբածության վիճակում գնացել է իր նախկին կնոջ` Արփինե Օ.-ի` Վանաձոր քաղաքի Լանջային 14 հասցեում գտնվող հայրական տուն, որտեղ տան պատշգամբում նրա ընտանիքի անդամներ Գոհար Օ.-ի, Ռիտա Օ.-ի, Սենիկ Օ.-ի և հարևանուհի Վարդիշաղ Գ.-ի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորյալ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` անհիմն վիճաբանել է Արփինե Օ.-ի և նրա ընտանիքի անդամների հետ, շուրջ 30 րոպե խուլիգանական բնույթի հայհոյանքներ է տվել նրանց հասցեին, բռնություն գործադրել Արփինե Օ.-ի նկատմամբ` քաշքշել, բռունցքներով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Դատաբժշկական փորձագետի եզրակացության համաձայն` Արփինե Օ.-ի մարմնական վնասվածքները՝ ձախ բազկի արյունազեղումն ու վերին շրթունքի քերծվածքը, հասցվել են բութ, կոշտ առարկայով, հնարավոր է գործի հանգամանքներում նշված ժամկետում, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:
Դատարանը վճռել է ամբաստանյալ Արթուր Պ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել տուգանքի` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 / երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net