Ծաղկամանի մետաղյա պատվանդանով հարվածել է գլխին և մահ պատճառել

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արթուր.Ս.-ի:

 

Վերջինս 2012թ. հուլիսի 10-ին` ժամը 21:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ծաղկի խանութում վիճաբանել է իր ծանոթ` նույն խանութի աշխատակից Տիգրան Բ.-ի հետ, որի ընթացքում խանութում առկա ծաղկամանի մետաղյա պատվանդանը սկսել են նետել միմյանց ուղղությամբ: Արթուր Ս.ն, վերցնելով Տիգրան Բ.-ի կողմից իր ուղղությամբ նետված նշված պատվանդանը, ցանկացել է այն նետել վերջինիս ուղղությամբ, բայց այդ պահին խանութ է մտել Արթուր Բ.-ի մայրը` Թ. Հայրապետյանը, և այդ ժամանակ Արթուր Ս.-ն, չնկատելով իր թիկունքում կանգնած Թ.Հայրապետյանին, ծաղկամանի մետաղյա պատվանդանով անզգուշորեն հարվածել է վերջինիս գլխին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Թ.Հայրապետյանը <<Էրեբունի>> բժշկական կենտրոնում 13.07.2012թ. ժամը 16.00-ի սահմաններում մահացել է:

 

2012թ. հոկտեմբերի 15-ին քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

 

Մինչ դատաքննությունն սկսելը ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ։

 

Դատարանը վճռել է Արթուր.Ս.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 1 տարի ժամկետով։

 

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Արթուրի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան` 1 տարի ժամկետով։

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել