Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանոււր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործը ըստ մեղադրանքի Արտյոմ Ք.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԱՆ հոգեբուժական բժշկական կենտրոն ՓԲԸ-ի նարկոլոգիական կլինիկայի կողմից իրականացվող մեթադոնային փոխարինող բուժման ծրագրի շահառու, 2012 թ. հոկտեմբերի 5-ին հաջորդող ոչ աշխատանքային օրերին գործածելու համար կլինիկայից ստացել է մեթադոն տեսակի թմրամիջոց պարունակող երկու դեղահաբ, որոնցից մեկը` 0.040 դրամ քաշով մեթադոն տեսակի թմրամիջոցի պարունակությունը, նույն օրը` ժամը 13:50-ի սահմաններում Երևան քաղաքի Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցների խաչմերուկում գործող Տոտո բուքմեյքերական կետում 15.000 ՀՀ դրամով վաճառելու միջոցով ապօրինի իրացրել է Ռոբերտ Ա.-ին:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործով իրեղեն ապացույց է ճանաչվել մեթադոն տեսակի թմրամիջոցը:
Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի` իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`Իրավաբան.net