«Պետական կենսաթոշակների մասին» գործող oրենքի համաձայն՝ յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:
Կենսաթոշակը նաև վճարվում է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով կենսաթոշակ վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման համաձայն՝ կենսաթոշակը լիազորագրի հիման վրա կանխիկ եղանակով վճարելու համար անձը կենսաթոշակառուի բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում լիազորագիրը և դրա լուսապատճենը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը լիազորագրի պատճենը համեմատում է բնօրինակի հետ, պատճենի վրա կատարում է «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը, կնքում է տարածքային բաժնի կնիքով և վերադարձնում բնօրինակը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մասնագետը շտեմարան է մուտքագրում լիազորված անձի տվյալները, որոնք, կենսաթոշակառուի տվյալների հետ միասին արտացոլվում են վճարման ցուցակում` որպես կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձ: