ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիսի քննչական բաժնում ավարտվել է Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակիցների կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի:
Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, համայնքի ղեկավարի տեղակալի կողմից 2017 թվականի հունիսի 11-ից մինչև օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու և փաստացի իր աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ելնելով անձնական դրդումներից, հանձնարարել է տաբելավարին, աշխատակիցների աշխատանքի հաճախումների տաբելներում կեղծ գրառումներ կատարել, թե իբրև հիշյալ օրերին համայնքի ղեկավարի տեղակալը հաճախել է աշխատանքի: Այնուհետև համայնքի ղեկավարը կնքել և իր ստորագրությամբ հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատանքի հաճախումների վերաբերյալ տաբելները, ինչի արդյունքում համայնքի ֆինանսական միջոցների հաշվին աշխատավարձ է վճարվել տեղակալին՝ այդ կերպ համայնքին պատճառելով զգալի չափի վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տաբելավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: