Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Խ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թ. հոկտեմբերի 25-ին ժամը 16:45-ի սահմաններում Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 130 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության վարչական շենքի ընդունարանում ՀՀ ոստիկանապետի մոտ ընդունելություն կազմակերպելու հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Մերուժան Հ.-ի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, աղմկել է և հայհոյել, բռնություն գործադրել, ձեռքերով հարվածներ է հասցրել Մերուժան Հ.-ին ու նրան պատճառել առողջությանը թեթև վնասի հատկանիշեր չպարունակող մարմնական վնասվածք, իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ 20 րոպե տևողությամբ խաթարել է ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում:
Նշենք, որև ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ իսկ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net