Գյումրու նախկին քաղաքապետի «փեսայի» գործի քննությունը լարված է անցել

Այսօր` հունվարի 15-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մ. Սարոյանի նախագահությամբ կայացավ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «փեսայի» սպանության գործով քննությունը:

 

Այս գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն` վերջինս խանդի հողի վրա սպանել է նախկին քաղաքապետի «փեսային»` Կարեն Եսայանին` վերջինիս և քաղաքապետի դստեր նշանադրության օրը: Հ. Սարգսյանը մեղադրվում է նաև ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ:

 

Այսօր դատական նիստին ներկա էին տուժողի իրավահաջորդը և վերջինիս պաշտպաններ Վարդուհի Էլբակյանը և Արմեն Մելքոնյանը, ներկա էր ամբաստանյալը` հատուկ դասակի ուղեկցությամբ ձեռնաշղթաներով և մեղադրող ՀՀ Գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչության ավագ դատախազ Ա. Մարուխյանը:

 

Ամբաստանյալի կենսագրական տվյալները ճշտելու ժամանակ արձակվեց ձեռնաշղթաները: Տուժողի իրավահաջորդը չէր կարողանում հանգիստ նստել այն մարդու ներկայությամբ, ով մեղադրվում է իր որդուն սպանելու մեջ, չնայած որ դեռևս այդ փաստը ապացուցված չէ: Սպանվածի մայրն ամբաստանյալին անվանեց ոճրագործ Սաֆարովի անունով: Ամբաստանյալը դատական նիստերի դահլիճ ներս մտնելուն պես բղավեց` մի վաճառեք ձեր որդու արյունը, ըստ վերջինիս բացականչությունների` ինքը մեղավոր չէ: Հարություն Սարգսյանի կենսագրական տվյալները ներկայացնելու ժամանակ դատավորի այն հարցին, թե վերջինս ֆիզիկապես առո՞ղջ է արդյոք ամբաստանյալը պատասխանեց. «ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանի ծեծից հետո էլ առողջ չեմ, սակայն մինչ այդ առողջ եմ եղել»: Նա նաև նշեց, որ այդ ծեծից հետո գլխի վրա ուռուցք է գոյացել:

 

Նիստի ժամանակ հնչում էին սպառնալիքներ թե’ տուժողի և թե’ ամբաստանյալի հարազատների կողմից:

 

Դատարանը, քրեական ընթացակարգի համաձայն, բացատրեց կողմերի դատավարական իրավունքներն ու պարտականությունները, պարզեց ամբաստանյալի կենսագրական տվյալները: Տուժողի իրավահաջորդի պաշտպանի այն հարցին, թե վերջինս ծառայել է արդյո˚ք զինված ուժերում, ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել և պահանջեց պաշտպան:

 

Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը, ով պարզաբանում էր որդու պաշտպանների չներկայանալու հանգամանքը, վեճի բռնկվեց տուժողի իրավահաջորդի փաստաբանի հետ և դատարանը վերջինիս հեռացրեց դատական նիստերի դահլիճից:

 

Քանի որ ամբաստանյալը 2012թ. ապրիլից կալանքի տակ է եղել, ուստի վերջինիս հայրը դատարանին պարզաբանեց, որ իր որդին ունի երեք պաշտպան, ովքեր այժմ գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս: Ամբաստանյալը միջնորդեց հետաձգել դատական նիստը: Դատարանը որոշեց բավարարել ամբաստանյալի միջնորդությունը և դատական նիստն հետաձգեց մինչև փետրվարի 5-ը, ժամը 12:00-ը:

 

Հ.Գ. Այս գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հորը` Սամվել Սարգսյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս 2012թ. սեպտեմբերի 13-ին մտել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժին և, միջամտելով քննիչի գործունեությանը, իր բարեկամ վկա Ա. Գրիգորյանին կոչ է արել և պահանջել, որ այլևս ցուցմունք չտալ, չպատասխանել քննիչի հարցերին, չստորագրել որևէ փաստաթուղթ, որի արդյունքում Ա. Գրիգորյանն, առանց քննիչի կողմից հարցերին պատասխանելու և ստորագրելու հարցաքննության արձանագրությունը, լքել է քննիչի աշխատասենյակը: Այդ ամենը վերաբերում է սույն քրեական գործին: Այսինքն` սույն քրեական գործով ամբաստանյալի հայրը խոչընդոտել է գործով իր բարեկամի ցուցմունք տալուն: Արդյունքում Սամվել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով և գործն արդեն ուղարկվել է դատարան, իսկ դատական նիստը նշանակված է սույն թվականի հունվարի 18-ին: Գործը լսելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ` Է. Մանուկյանը:

 

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել