Ընկերությունը տարածք է խնդրում կառավարությունից՝ նախատեսելով 259 միլիոն դրամի ներդրում ապահովել

Կառավարության նիստի օրակարգում այսօր՝ օգոստոսի 1-ին, կքննարկվի  պետական գույքն օտարելու մասին որոշում:  

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյանը կներկայացնի որոշումը, որով առաջարկում են նախարարության Պե­տա­կան գույքի կառավարման կոմիտեին թույլատրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը   ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Շրջանցիկ թունել փողոց 52/1 հասցեում գտնվող 871.9 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը, դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.2157 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ավելիաց» ՍՊԸ-ին` իր կողմից ներկայացված ներդրումային ծրագրի համաձայն:

Ընկերության ներկայացրած դիմումում նշվում է, որ օտարման ներկայացված հասցեի հարևանությամբ գործում է ընկերության պահածոյացված և չորացված սննդի արտադրամասը և ներկայումս ընկերությունն ունի արտադրության  ընդլայման անհրաժեշտություն՝ միաժամանակ խնդրելով իրականացվող խոշոր ներդրումային ծրագրով պայմանավորված աճուրդով օտարման ներկայացված գուքն օտարել ընկերությանը 15.500.000 դրամով՝ 3 տարի մարման ժամկետով (ներառյալ հողամասի կադաստրային արժեքը)։  Նախատեսվում է մինչև 2021 թվականի ավարտը սույն որոշման համաձայն իրականացնել 259 միլիոն 760 հազար դրամի ներդրում (հնարավոր շեղման հավանականությունը մինչև 15%) որն էլ որպես հավելված կցվել է ներկայացվող ՀՀ կառավարության որոշման նախագծին։

Երևան քաղաքի Շրջանցիկ թունել փողոց դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.2157 հեկտար մակերեսով հողամասը ներկայացվել է օտարման դասական աճուրդով` գնահատված արժեքի 100 %-ի չափով, սակայն աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։

2018 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 26 845 732 ՀՀ դրամ է, իսկ զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը՝ 9 758 268 Հ դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել