Արտագնա աշխատանքը կարող է համարվել աշխատանքային ստաժ. «Արտագնա աշխատանքների կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Արտագնա աշխատանքը՝ օտարերկրյա պետությունում այդ պետության գործատուի մոտ արտագնա աշխատողի կողմից կատարվող աշխատանքն է:

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության վեբ կայքում տեղադրվել է «Արտագնա աշխատանքների կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որ ներկայացվել է հանրային քննարկման, սակայն դեռևս Կառավարության կողմից այն վերջնական հավանություն չի ստացել:

 

Նշված նախագծի համաձայն` արտագնա աշխատանքի ժամանակը կարող է հաշվարկվել արտագնա աշխատանքի մեկնած Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժի մեջ և հաշվի կառնվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակներ, ինչպես նաև գործազրկության, ժամանակավոր անաշխատունակության նպաստներ նշանակելիս, եթե տվյալ քաղաքացին արտագնա աշխատանքի ժամանակահատվածում կատարել է սոցիալական ապահովագրության գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարները:

 

Ուշագրավ է նաև օրենքի նախագծի այն դրույթը, համաձայն որի օրենքի գործողությունը չի տարածվի ՀՀ այն քաղաքացիների վրա, ովքեր ինքնուրույն` առանց միջնորդի և սեփական նախաձեռնությամբ են մեկնել արտագնա աշխատանքների: Իսկ արտագնա աշխատանքների բնագավառում միջնորդ կհանդիսանան ՀՀ օրենսդրությամբ առևտրային համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, եթե ՀՀ օրենքով սահմանված կարգով ստացել են նման գործունեությամբ զբաղվելու լիցենզիա:

 

Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել