Աշոտ Աբրահամյանը, չհաշվառված եկամուտ ստանալու համար վաշխառությունը որպես արհեստ ընտրելով, Արամ Հովհաննիսյանին և Հովհաննես Ֆալթաջանյանին պարտքով տրված գումարների դիմաց ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տարեկան տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսներ, որի արդյունքում տուժող Հ.Ֆալթաջանյանն ընկել է նյութական ծանր կացության մեջ։
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի`վաշխառությունը՝ պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելն է, որից օգտվել է մյուս կողմը:
Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նույն արարքը՝
1) որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ,
2) որը կատարվել է որպես արհեստ,
3) որը կատարվել է տուժողի անչափահաս լինելը կամ մտավոր զարգացման թերություններն օգտագործելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net