Արդարադատության նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Ոստիկանության մասին օրենքում նախատեսվող լրացմամբ առաջարկվում է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի այլ դեպքերը կանխելու, բացահայտելու նպատակով Ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել համապատասխանաբար տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով: Նախագծով սահմանվում են տեսագրությունների և տեսաձայնագրությունների իրականացման նպատակը, հավաքված անձնական տվյալների պահպանման ժամկետները և երրորդ անձանց փոխանցելու դեպքերը:
Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը երաշխավորում է մարդու մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը: Ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում իրավասու է հավաքելու մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ: Թեև ոստիկանությունում տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերի տեղադրման և կիրառման տեխնիկական հնարավորություններն առկա են, սակայն անհրաժեշտ է իրավական հստակ կարգավորումներ նախատեսել տեսագրությունների և տեսաձայնագրությունների իրականացման, տեսագրությունների պահպանման ու օգտագործման հետ կապված հարաբերությունների համար:
Խոշտանգման և վատ վերաբերմունքի ռիսկեր են առաջանում ինչպես հետաքննության ընթացքում՝ որպես անհետաձգելի քննչական գործողություն իրականացվող հարցաքննությունների, այնպես էլ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձի հետ օպերատիվ հարցում կատարելու ընթացքում, երբ վերջինս չունենալով դեռևս կասկածյալի կարգավիճակ, այնուամենայնիվ հրավիրվում է ոստիկանություն և հարցման ենթարկվում:
Բացի այդ, օրինագծով Ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածում հստակեցվում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողների կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների կիրառմամբ ոչ գաղտնի վերահսկողության ընթացքում այդ մասին բանավոր նախազգուշացման դեպքերը:
Մասնավորապես, եթե ոստիկանության ծառայողը համազգեստով է և օրենքով հստակ ամրագրված է, որ տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում, ապա տեսանկարահանում կամ տեսաձայնագրում իրականացնելու փաստն արդեն իսկ կանխատեսելի է քաղաքացիների համար:
Միաժամանակ, եթե ոստիկանության ծառայողը համազգեստով չէ, ապա այդ դեպքում բանավոր նախազգուշացման պահանջը պետք է լինի պարտադիր: