Հրաժարվել է ինչպես զինվորական, այնպես էլ այլընտրանքային ծառայությունից

Ամբաստանյալը դատաքննության ժամանակ հայտարարեց. «Քանի որ Հայաստանում այլընտրանքային ծառայությունը չի համապատասխանում եվրոպական չափանիշերին, հրաժարվում եմ ինչպես զինվորական ծառայությունից, այնպես էլ այլընտրանքային ծառայությունից»:

 

Նշված քրեական գործը քննվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

 

Դատապարտյալ Տ. Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով «Զինպարտության մասին և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքները, իր կրոնական համոզմունքներից ելնելով` 2011թ. հերթական աշնանային զորակոչի ընթացքում չի ներկայացել Երևան քաղաքի Շենգավիթի զինկոմիսարիատ` խուսափելով ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից` այդ ծառայությունից ազատվելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում:

 

Տիգրան Բոյաջյանի անձնական գործի նյութերի համաձայն` 2009թ. փետրվարի 23-ին նա Շենգավիթի զինկոմիսարիատում անցել է կցագրում և բժշկական հանձնաժողովի ստուգման արդյունքում ճանաչվել է պիտանի շարային զինվորական ծառայության համար։

 

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազին և Շենգավիթի զինկոմիսարին հասցեագրած Տ. Բ.-ի 2012թ. հունվարի 13-ի դիմումի համաձայն` նա հարում է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությանը և ելնելով Աստվածաշնչի վրա հիմնված իր համոզմունքներից` հրաժարվում է ինչպես ժամկետային զինվորական, այնպես էլ այլընտրանքային ծառայության անցնելուց։

 

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չէր ճանաչել և ցուցմունք էր տվել այն մասին, որ ուսումնասիրելով Աստվածաշունչը, հարգում է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությանը և իր խիղճն ու հոգին դաստիարակել է Աստվածաշնչյան սկզբունքներին համապատասխան։

 

Դատարանը վճռել է Տ. Բ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ և պատիժ նշանակել ազատազրկում` 2 տարի ժամկետով։

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել