Երեկ` հունվարի 10-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ սպանության մեջ մեղադրվող Հարություն Հարությունյանի քրեական գործի քննությունը:
Մեղադրողը ներկայացրեց, թե ինչում է մեղադրվում Հ. Հարությունյանը, իսկ վերջինս էլ ընդունեց իր մեղքը: Ամբողջ դատական նիստի ընթացքում ամբաստանյալը ժպտում էր, դատարանի հարցերին պատասխանում կարճ, ժամանակ առ ժամանակ սպառնալիքի տեսքով հայտարարություններ հնչեցնում:
Հ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս 16.06.12թ. ժամը 21:00-ի սահմաններում գնացել է Լալայան փողոցի 123/050 տնակ, որտեղ նույն տնակի բնակչուհի Ռ. Խաչատրյանի հետ վիճաբանության ընթացքում, խոհանոցային դանակով տասը հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակի, որովայնի հատվածներին և դիմել փախուստի: Ռ. Խաչատրյանը հարևանների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն ընդունարանում մահացել է:
Ամբաստանյալի հարցաքննության ժամանակ պարզվեց, որ վերջինս ծնվել է 1991 թվականին, ունի միջնակարգ կրթություն, չի աշխատում և ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով:
Ամբաստանյալի հայրն իր ցուցմունքում նշեց, որ տղան բռնկվող է, ագրեսիվ, սակայն եթե նրան չվիրավորես նա վնաս չի տա: Նշեց նաև, որ Հարությունը 6-7 տարեկան հասակում նոր սկսել է խոսել, իսկ հետագայում` փայտ կոտրելու ընթացքում գլխին կացնով հարված է ստացել և արդյունքում վատթարացել է վերջինիս հոգեկան վիճակը:
Դատարանի այն հարցին, թե ինչու է ամբաստանյալը սպանել 77-ամյա կնոջը, պատասխան հնչեց, որ վերջինս իրեն հայհոյել է և, ըստ իրեն հասած լուրերի, անվանել է նաև «գործ տվող»:
Հերթական վկայի ցուցմունքով, նաև տուժողի իրավահաջորդի ցուցմունքով` տուժողը մինչև մահանալը ասել է, որ Հարությունը իրենից 5000 դրամ է պահանջել, սակայն վերջինս չի ունեցել, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել ողբերգությունը:
Այսօրվա դատական նիստի ժամանակ հարցաքննվեց ամբաստանյալը, տուժողի իրավահաջորդը և վկաներ, իսկ հաջորդ դատական նիստին կհետազոտվեն գործում եղած փաստաթղթերը և ապացույցները:
Թե ունի արդյոք ամբաստանյալը հոգեկան խնդիրներ և իրականում ինչն էր պատճառը 77- ամյա կնոջը դիտավորյալ կյանքից զրկելու` պարզ կդառնա հերթական դատական նիստի ժամանակ:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net