Երևանի ավագանին հունիսի 17-ին կայանալիք նիստին կքննարկի Երևան քաղաքի Արգենտինայի հրապարակում գեներալ Մանուել Բելգրանոյի կիսանդրին տեղադրելու վերաբերյալ հարցը:
Որոշման նախագծում նշվում է, որ առաջարկը ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանության կողմից:
Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը նախատեսում է նաև իրականացնել նույն հրապարակի շրջակայքի բարեկարգման աշխատանքները, հրապարակի ցուցանակների տեղադրումը և արգենտինական մոտիվներով հարակից կամարանցումի նկարազարդումը, ինչը կավելացնի նոր և գրավիչ հանդերձանքով երևանյան կամարանցումների թիվը:
Նշվում է, որ դեսպանատան կողմից ներկայացված նախագծային փաթեթը քննարկվել է աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում և Երևանի գլխավոր ճարտարապետի կողմից և հավանության է արժանացել: Հարցը համաձայնեցվել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության և ՀՀ ԱԳՆ-ն հետ: