Դատարանը դասախոսի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառեց

Այսօր` դեկտեմբերի 27-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ա. Մ-ի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, աշխատելով Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ուսանող Կ. Խ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար նրանից նախօրոք պահանջել և ստացել է 150.000 ՀՀ դրամ կաշառք:

 

Դատարանում մեղադրանքը պաշտպանում էր ՀՀ Գլխավոր դատախազության «Կոռուպցիոն և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» վարչության ավագ դատախազ Այվազյանը: Դատական նիստին ներկա էին ամբաստանյալը, վերջինիս շահերի պաշտպան փաստաբան Վաղարշակ Գևորգյանը, ով մասնակցել է նաև նախաքննությանը:

 

Մեղադրողը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ  մասը, որով ներկայացվեց ամբաստանյալին մեղսագրվող արարքը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ  հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար:

 

Պաշտպանը դատարանին միջնորդեց կիրառել դատական քննության արագացված կարգ: Դատարանը պարզաբանեց դատական քննության արագացված կարգ կիրառելու առանձնահատկությունները:

 

ՀՀ քրեական դատավարության ընթացակարգի համաձայն` դատարանը ավարտված համարեց դատաքննությունը և հայտարարեց անցումը դատական վիճաբանությունների փուլին:

 

Մեղադրողն իր ճառում ապացուցված համարեց Ա. Մ-ին առաջադրված մեղադրանքը, թե’ վերիջինիս ինքնախոստովանական, թե’ վկաների ցուցմունքերի, ինչպես նաև իրեղեն ապացույց հանդիսացող 67. 000 ՀՀ դրամը և հյութաքամիչը: Մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել Ա. Մ-ին և պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի ժամանակով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելով 2 տարի ժամանակով: Կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պատիժը պայմանականորեն չկիրառել սահմանելով 2 տարի փորձաշրջան:

 

Պաշտպանը համաձայնվեց մեղադրողի միջնորդած պատժի տեսակի և չափի հետ, սակայն միջնորդեց որպես փորձաշրջան նշանակել 1 տարի ժամանակով: Վերջինս ներկայացրեց այն հանգամանքը, որ ամբաստանյալն ընդունել է մեղքը և զղջացել է իր կատարած արարքի համար: Ինչպես նաև մեջբերեց վերջինիս դրական բնութագրվելը նույն ինստիտուտի ռեկտորի կողմից, նաև այն հանգամանքը, որ մանկավարժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է և իր աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի:

 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա հրապարակեց դատավճիռ, որով մեղավոր ճանաչեց ամբաստանյալ Ա. Մ-ին և դատապարտեց ազատազրկման 3 տարի ժամանակով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելով 2 տարի ժամանակով:

 

Սակայն, կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, վճռեց պատիժը պայմանականորեն չկիրառել և փորձաշրջան սահմանել 1 տարի ժամանակով: ՀՀ քրեական դատավարության ընթացակարգի համաձայն պարզաբանեց դատավճռի բողոքարկման ժամկետը և սահմանները, քանի որ կիրառվել է դատական քննության արագացված կարգ, ուստի բողոքարկամն համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է բողոքարկման առանձնահատկություններ:

 

Խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին թողնվեց անփոփոխ, մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը:

 

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել