Ապօրինի կառուցված զուգարանի օրինականության հարցի քննարկումը շարունակվում է..

Այսօր` դեկտեմբերի 26-ին, ՀՀ Վրաչական դատարանի Գյումրու նստավայրում նախագահությամբ Է. Նահապետյանի շարունակվեց հերթական նախնական դատական նիստն ըստ հայցի Դոնարա Մանուկյանի` Գյումրու քաղաքապետի 11 հունիսի 2012թ. թիվ 1472Ա որոշումը և ՀՀ ԿԱ ՊԵԿ ԱԳԿ պետական կոմիտեի կողմից 18.06.2012թ. կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

 

 

Դատական նիստին ներկա էին հայցվոր` Դոնարա Մանուկյանը և վերջինիս ներկայացուցիչ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը, պատասխանող Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչ` քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հակոբյանը, 3-րդ անձ Կարինե Մարտիրոսյանը և վերջինիս ներկայացուցիչ ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Աննա Դավթյանը, ինչպես նաև նախորդ դատական նիստին որպես երրորդ անձինք ներգրավված Գոհար և Մարգարիտա Հովհաննիսյանները: Նիստին չէին ներկայացել պատասխանող ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչը և երրորդ անձինք Ռոբերտ և Հարություն Հովհաննիսյանները: Քանի որ դատական նիստին չներկայացող կողմերը պատշաճ ծանուցված էին դատական նիստի տեղի և վայրի մասին, ուստի նիստը շարունակվեց վերջիններիս բացակայությամբ:

 

 

Դատարանը պարզաբանեց նախնական դատական նիստին վարչական դատավարության օրենսգրքով սահմանաված պարզաբանման ենթակա բոլոր հարցերը, այնուհետև հայտարարեց, թե ինչ դիրքորոշումը ունեն կողմերը դատաքննության անցնելու համար: Հայցվորը և վերջինիս ներկայացուցիչը միջնորդեցին չանցնել դատաքննությանը, քանի որ դեռևս չի ներկայացվել երրորդ անձանց հայցադիմումի պատասխանի օրինակը, տուգանքի վճարման կտրոնների պատճենները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից չի տրամադրվել սույն վարչական վարույթի ամբողջ նյութերը, որտեղ ներառված է նաև Գյումրու քաղաքապետի վիճահարույց որոշման բնօրինակը:

 

 

Պատասխանողը միջնորդեց նշանակել դատաքննություն, իսկ պահանջվող փաստաթղթերը խոստացավ ուղարկել դատարան 3 օրվա ընթացքում:

 

 

Երրորդ անձինք և նրանց ներկայացուցիչը թողեցին դատարանի հայեցողությանը:

 

 

Դատարանը որոշեց անցնել դատաքննության փուլ և հայտարարեց, որ հերթական դատական նիստի վայրի և ժամի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն ` պարզաբանելով, որ մինչև հաջորդ դատական նիստը կողմերը հնարավորություն կունենան ստանալ և ծանոթանալ վերը նշված պահանջվող փաստաթղթերին:

 

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել