2018թ․-ի ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ հայտնաբերվել է 2135 բջջային հեռախոս

Խմբի անդամները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ կատարած այցելությունների ընթացքում հանդիպումներ են ունեցել տարբեր արարքներ կատարելու համար պատժախցերում հայտնված անձանց հետ՝ պարզելու պատժախուց տեղափոխելու հիմքերը: Խմբի անդամների ունեցած հանդիպումներից պարզ է դարձել, որ դատապարտված և կալանավորված անձանց նկատմամբ կիրառված տույժերի գերակշռող մասը կիրառվել է արգելված իր՝ բջջային հեռախոս պահելու համար:

Բջջային հեռախոս արգելված իր պահելու համար կիրառված տույժերը հետագայում բացասական ազդեցություն են ունենում դատապարտյալների՝ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցի քննարկման համար: Բազմաթիվ են բողոքները, երբ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ նիստով կայացված մերժված որոշումների հիմքում դրվել է բջջային հեռախոս հայտնաբերելու արդյունքում կիրառված տույժը։

Լրացուցիչ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արգելված իր (բջջային հեռախոս) պահելու համար պատժվում են դատապարտված և կալանավորված անձինք։ Նրանք պատժվում են նկատողության, խիստ նկատողության կամ մինչև 15 օր տևողությամբ պատժախուց տեղափոխվելու միջոցով։ Արձանագրվել է նաև, որ այս համատեքստում չեն իրականացվում ծառայողական քննություններ` պարզելու արգելված իրերի՝ հիմնարկներ մուտք գործելու հանգամանքները:

2014 թ.-ին ՀՀ ԱՆ բոլոր ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 1576 բջջային հեռախոս, որի արդյունքում իրականացվել է ընդամենը 48 ծառայողական քննություն: 2015 թ.-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ հայտնաբերվել է 2458 բջջային հեռախոս, որի արդյունքում իրականցվել է 31 ծառայողական քննություն, որից 3 ծառայողական քննություններով 6 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: 2016 թ.-ի ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ հայտնաբերվել է 2200 բջջային հեռախոս, որի արդյունքում իրականացվել է 57 ծառայողական քննություն։ 2017թ․-ի ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ հայտնաբերվել է 1839 բջջային հեռախոս, որի արդյունքում իրականացվել է 111 ծառայողական քննություն։ Իրականացված ծառայողական քննությունների 22-ով 40 քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր։

2018թ․-ի ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ հայտնաբերվել է 2135 բջջային հեռախոս, 2018 կտրող ծակող իրեր, 729․500 ՀՀ դրամ, 3100 ԱՄՆ դոլար, 730 ռուբլի, որի արդյունքում իրականացվել է 66 ծառայողական քննություն։ Իրականացված ծառայողական քննությունների 1 քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ ծառայությունից ազատում տեսակը։

2014 թ.-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ ներքին կանոնակարգով սահմանված պատիժը կրելու կարգի և պայմանների խախտման համար կարգապահական տույժի է ենթարկվել 2586 անձ, 2015 թ.-ին` 2835 անձ, իսկ 2016 թ.-ին` 2556 անձ, 2017 թ.-ին` 2380 անձ, 2018թ.՝ 2177, որոնցից 895-ը ստացել են նկատողություն, 377-ը` խիստ նկատողություն, իսկ 905 հոգի տեղափոխվել է պատժախուց։

2014-2015 թթ․ ընթացքում կալանավորված և դատապարտված անձանց նկատմամբ տույժերի կիրառման վերաբերյալ ոչ մի որոշում չի բողոքարկվել։
2016 թ․-ին դիտորդներն արձանագրել են նույն պատկերը, սակայն երբ Խումբը դիմել է ՀՀ ԱՆ-ին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու հարցմամբ, պատասխան է ստացվել, որ 2016թ.-ին հաշվառում չի իրականացվել։

2017թ․ ընթացքում կալանավորված և դատապարտված անձանց նկատմամբ տույժերի կիրառման վերաբերյալ բողոքարկվել է ընդամենը 3 որոշում։
2018թ․ ընթացքում կալանավորված և դատապարտված անձանց նկատմամբ տույժերի կիրառման վերաբերյալ բողոքարկվել է ընդամենը 3 որոշում, որից 1-ը դատական կարգով և 2-ը՝ վերադասության, 1-ը գտնվում է դատարանի վարույթում, 2-ը բավարարվել է։

Ազատազրկված անձանց կողմից Խմբի անդամներին տրված տեղեկատվության համաձայն՝ դա պայմանավորված է նրանով, որ ազատազրկվածները կորցրել են վստահությունը ՀՀ արդարադատության նկատմամբ։

Դիտորդների խումբն արձանագրել է նաև, որ ՔԿՀ աշխատակիցները կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումների օրինակները չեն տրամադրում տույժի ենթարկված անձանց, ինչպես նաև նրանց չի բացատրվում տվյալ որոշումների բողոքարկման կարգը:

Մինչդեռ, ՔԿՀ-ում արգելված իր բերելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն 100.000-500.000 ՀՀ դրամի չափով: Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենսգրքով սահմանված են ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ ՔԿՎ պետի, ՔԿՀ ղեկավարի լիազորությունները, ըստ որի՝ ՀՀ արդարադատության նախարարը, ՔԿՎ պետը և ՔԿՀ ղեկավարը օժտված են ծառայողական քննություններ նշանակելու լիազորությամբ:

Այսպիսով, իրավասությունները սահմանող իրավական նորմերը, մի կողմից, և արգելված իր համարվող բջջային հեռախոսների հայտնաբերման դեպքերի վերաբերյալ փաստերը և ձեռնարկված գործողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ ՀՀ արդարադատության նախարարը, ՔԿՎ պետը և ՔԿՀ ղեկավարը դրսևորել են անգործություն, և հիմք է տալիս ենթադրելու կոռուպցիոն մեծ ռիսկերի գոյության հավանականության մասին՝ նրանց անմիջական ներգրավվածությամբ և/կամ իմացությամբ:

Դիտորդների խմբի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է ընդունել իրավական ակտ, որով կսահմանվի ՔԿՎ` հաշվառում վարելու պարտավորությունը, որի մեջ, ի թիվս այլ հաշվառման ենթակա տեղեկությունների, ներառված կլինեն նշանակված տույժերը` ըստ արարքների և ՔԿՀ-ների, բողոքարկված տուժերը` ըստ ՔԿՀ-ների:

Ինչպես նաև անհրաժեշտ է կատարել արդյունավետ ծառայողական քննություն յուրաքանչյուր արգելված իր ՔԿՀ-ում հայտնաբերելու դեպքում և ՔԿՀ-ներում բջջային հեռախոսների օգտագործումը տեղափոխել օրինական դաշտ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել