Հանցագործությունների բացահայտման և քննության գործընթացում առանձնակի տեղ են զբաղեցնում մարդու ձեռքերի հետքերը, քանզի դրանք առավել հաճախ են հանդիպում և հանդիսանում են անձի անհատականացման անվիճելի ապացույցներ:
Մատնահետքերի առանձնահատուկ կառուցվածքը պայմանավորված է մարդու ձեռքի ափի մաշկի ինքնատիպ կառուցվածքով:
Կախված առաջացման մեխանիզմից` ձեռքերի հետքերը լինում են ծավալային և մակերեսային, գունավոր և անգույն, քիչ տեսանելի և տեսանելի:
Ծավալային հետքերն առաջանում են ձեռքով պլաստիկ նյութերի հպվելիս, օրինակ` կարագի, մակերեսային հետքերն առաջանում են հետք ընդունող օբյեկտին մատով հպվելիս: Մակերեսային հետքերը լինում են անգույն և գունավոր:
Անգույն հետքերն առաջանում են հետք ընդունող օբյեկտի վրա անգույն, քրտնաճարպային գոյացումների շերտավորման հետևանքով:
Գունավոր հետքերն առաջանում են արյունոտ, ներկոտ ձեռքերով հետք ընդունող օբյեկտին հպվելիս. դրանց անվանում են նաև տեսանելի հետքեր:
Մակերեսային հետքերը նաև լինում են տեսանելի և քիչ տեսանելի:
Հ.Գ. Որևէ առարկայի հպվելիս, հիշեք, որ դրա վրա թողնում եք Ձեր այցեքարտը` մատնահետքերը:
Աղբյուրը` Իրավաբան.net