Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնակատար Վարդան Գրիգորյանին՝ անհապաղ պաշտոնազրկել Գյումրու համար 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանին ու փոխտնօրեն Անահիտ Միսկարյանին։ Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Որպես հիմնավորում Կարեն Գրիգորյանը հայտնել է հարուցված քրեական գործի շրջանակում ձեռք բերված ապացույցների մասին:
Հիշեցնենք, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցի համապատասխան փաստաթղթերում, աշակերտների ցուցակներում և դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում և չեն մասնակցում դասապրոցեսներին:
Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:
Դրա հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալն են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրի քաղաքի թվով 12 բնակիչներ՝ տարբեր ժամանակահատվածներում իրենց ծնողների դիմումների հիման վրա ընդունվել են նշված միջնակարգ դպրոց, սակայն ուսումնական տարիների ընթացքում տևական ժամանակ, որոշ դեպքերում՝ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, այսինքն որևէ դասապրոցեսի չեն մասնակցել:
Մինչդեռ, դպրոցի տնօրենը, նշված փաստերն արձանագրելու ու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք տալու փոխարեն, ուսուցիչների միջոցով, ինչպես նաև անձամբ, դպրոցի պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ է մտցրել վերը թվարկված աշակերտների՝ դասապրոցեսներին մասնակցելու կամ ավելի քիչ դասաժամերին բացակայելու վերաբերյալ: Այդ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, քանի որ նշված աշակերտների թվաքանակով դպրոցը ստացել է ֆինանսավորում:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են դպրոցի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցավոր արարքների հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ նշված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քրեական գործի նախաքննությունըհանձնարարվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: