Արմեն Գևորգյանը դատարանի դահլիճում է. քննվում է նրա խափանման միջոցի վերաբերյալ հարցը

Քիչ առաջ վերաքննիչ քրեական դատարան եկավ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որտեղ պետք է քննվի նրա հանդեպ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ հարցը:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի որոշմամբ Արմեն Գևորգյանի հանդեպ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Այս որոշումը դատախազությունը բողոքարկել է վերադաս ատյանում:

Այսօր լրագրողները մինչ նիստերի դահլիճ մտնելը հարցեր ուղղեցին Արմեն Գևորգյանին: Այն հարցին, թե արդյոք ճիշտ է մամուլի հրապարակումները, թե Արմեն Գեւորգյանը 2008 թվականին Բաղրամյան 26-ում գործող գաղտնի շտաբի անդամ է եղել, պատասխանեց. «Ես սովորություն ունեմ մամուլի հրապարակումներ չմեկնաբանել, ով որ հրապարակել է իրենից էլ հարցրեք: Ես նմանատիպ կառույցի մասին տեղեկություններ չունեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել դատարանի գործունեությանը միջամտելու համար: Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առիթով 03.08.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  քննվող քրեական գործին: Նույն օրը հիշյալ գործի շրջանակում Արմեն Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից  մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով միջամտել է դատարանի գործունեությանը:

Մասնավորապես, 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:

Նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է  կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել