Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 12-ին ընդունելու է երկու որոշում (3996-Ա և 3695-Ա), որով մասնակի բավարարվել են ծառի ընկնելու հետևանքով վնասված մեքենաների սեփականատերերի փոխհատուցում ստանալու դիմումները:
Երկու որոշումն էլ վերաբերում է միևնույն հասցեում տեղի ունեցած դեպքին:
Այսպիսով, քաղաքացի Հայկ Մուսաելյանը հայտնել է, որ այս տարվա հոկտեմբերի 26-ին, Երևանի Տերյան փողոցի 59 շենքի դիմաց կայանված՝ իր սեփական «MERCEDES-BENZ C180» մակնիշի ավտոմեքենայի վրա տապալվել է ավտոմեքենայի կայանման դիմացի մայթին գտնվող հաստաբուն ծառը, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է, մասնավորապես՝ վնասվել է ավտոմեքենայի տանիքը, կոտրվել են հետևի ապակին, ձախ կողմի հետևի դռան ապակին, հարվածի հետևանքով վնասվել են ավտոմեքենայի որոշ մասեր, ինչն առաջացրել է թափքի խնդիրներ:
Մեկ այլ քաղաքացի՝ Հարություն Ղասաբյանը հայտնել է, որ նույն ծառի տապալման հետևանքով վնասվել է նաև իր «HONDA fit 1.5L» մակնիշի մեքենան:
Երկու քաղաքացիներն էլ պնդել են, որ ծառը չի տապալվել բնական աղետի /քամի, փոթորիկ, երկրաշարժ, կարկուտ, և այլն/ հետևանքով, այլ տապալվել է փտած լինելու հետևանքով, այն ենթակա է եղել հատման, սակայն Երևանի քաղաքապետարանի կողմից չի հատվել:
Հարություն Ղասաբայանը ներկայացրել է տեղեկանք, որի համաձայն,ավտոմեքենայի վերանորոգման ծախսը կազմում է 736400 դրամ է կազմում: Հայկ Մուսաելյանը խնդրել է փոխհատուցել վնասը, այն է՝ իր սեփական ավտոմեքենայի փոխարեն տրամադրել նույնպիսի ավտոմեքենա, իսկ վնասը բնեղենով չփոխհատուցելու դեպքում, հատուցել դրամական միջոցով, հատուցելով վնասված ավտոմեքենայի արժեքը, որը, ըստ փորձագետների բանավոր հայտարարության, կազմում է 3 000 000 դրամ, սակայն հիմնավորող ապացույց չի ներկայացվել:
Քաղաքապետի որոշմամբ՝ Հայկ Մուսաելյանի վնասի փախհատուելու դիմումը բավարարվել մասնակի՝ 492.000 դրամի չափով: Հարություն Ղասաբյանի վնասի փոխհատուցում տրամադրելու մասին դիմումը բավարարվել մասնակի՝ 726,000 դրամի չափով: