Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
«Րոպեներ առաջ կայացած ռեկտորատի նիստով, որին ներկա էր նաև կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ստորև ներկայացնում ենք Ռուբեն Հայրապետյանի կենսագրությունը:
Ծնվել է 1987թ. մարտի 25-ին Երևանում:
2002-2007թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետի կառավարում բաժնում և գերազանցությամբ ավարտել:
2007թ.-ին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի առկա ուսուցմամբ ասպիրանտուրան և վաղաժամ ավարտել 2009թ.-ին՝ հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական ատենախոսությունը և ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2008-2009թթ. աշխատել է «Էլոլա» ՓԲԸ-ում (կաթնամթերքի արտադրություն)` որպես տնօրենի տեղակալ:
2009-2011թթ. աշխատել է «Գորիս կաթ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն: 2009-2012թթ. զուգահեռաբար աշխատել է ՀՊՏՀ կառավարման ամբիոնում՝ որպես ասիստենտ:
2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը (Երևան/Ստրասբուրգ): 2011թ. ավարտել է նաև Քաղաքական դասընթացների մոսկովյան դպրոցը (Մոսկվա):
Որպես փորձագետ` ակտիվորեն hամագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման կառավարման ոլորտներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառույցների հետ: Մասնակցել է կառավարման և տնտեսագիտության ոլորտներում տեղական և միջազգային մի քանի տասնյակ գիտաժողովների, սեմինարների և համաժողովների: Ղեկավարում է մի շարք գիտահետազոտական նախագծեր՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր: «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության վարչության անդամ է:
Թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո զբաղվել է ակտիվ գիտական ու մանկավարժական գործունեությամբ և 2013թ. արժանացել է դոցենտի գիտական կոչման:
2015թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան:
2018թ. ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի որոշմամբ արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման:
2018թ.-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի վարիչն է:
Հեղինակ է շուրջ 50 գիտական հրապարակումների, հեղինակել և համահեղինակել է 10 մենագրություն, 2 ուսումնական ձեռնարկ և 1 դասագիրք:
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:
Ամուսնացած չէ: