Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ այսօրվանից արդեն հնարավոր է աջ ղեկով մեքենաներ ներմուծել, սակայն որոշակի պայմաններով:
«Հարգելի քաղաքացիներ, վաղվանից՝ դեկտեմբերի 20-ից, կարող եք ներմուծել աջ ղեկով մեքենաները՝ ղեկային տեղաբաշխում կատարելու պայմանով:
Աջակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող մեքենաները ՀՀ տարածք կարող եք ներմուծել մինչև 2019թ. մարտի 1-ը «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով:
Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6 ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացնել ղեկի տեղափոխում, այնուհետև մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում», – գրել է նա: