Դատախազությունը երկու պաշտոնյաների հետ կապված գրություններ է ուղարկել ՀՔԾ

Ապրիլի 12-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակվել է պաշտոնատար անձանց կողմից 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերի ներկայացման վիճակի վերաբերյալ տեղեկատվություն: Ակնկալվում էր ստանալ 3233 պաշտոնատար անձանց հայտարարագրեր, այնինչ տարեկան հայտարարագրերը ներկայացրել է 3027 պաշտոնյա:

Ապրիլի 10-ի դրությամբ հանձնաժողով չէր ներկայացվել 206 հայտարարագիր:

Վերոնշյալ հայտարարագրերի մասով հանձնաժողովի նախաձեռնած իրավական գործընթացների արդյունքներով, սույն թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ Հանձնաժողով չներկայացված հայտարարագրերի թիվը 5-ն է:  Հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձանցից երեքի պաշտոնը ներկայումս դադարեցված է:

Հայտարարագիր չներկայացրած 2 պաշտոնատար անձի մասով վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի վարույթը կասեցված է, իսկ մեկի մասով՝ հարուցված է վարույթ «նախազգուշացում» վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելու իրավախախտման հատկանիշներով:

Իրավաբան.net-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահից հոկտեմբերի 31-ին կից փաստաթղթերի հետ միասին ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել գրություն՝ պետական ծառայություն իրականացնող թվով 2 անձանց կողմից իրենց 2017թ. գույքի և եկամուտների հայտարարագիրը վարչական տույժի կիրառումից հետո 30 օրվա ընթացքում դիտավորությամբ չներկայացնելու վերաբերյալ:

«ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունից նշված գրությունը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար, որը դեռևս ընթացքի մեջ է»,-նշում է նա:

Նշենք նաև, որ պաշտոնյաներից մեկը ոստիկանության մարզային բաժիններից մեկի նախկին պետ է, մյուսը՝ նախկին քննիչ:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել