Այսօր` դեկտեմբերի 3-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Հարություն Մովսիսյանի պետք է կայանար ծեծի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը:
Բանն այն է, որ սույն գործով Գյումրի քաղաքի բնակչուհի Դոնարա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հուլիսի 25-ին կենցաղային առիթով վիճաբանել է Մ. Հովհաննիսյանի և Կ. Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով հարվածել է մարմնի տարբեր մասերին:
Նշենք, որ Դոնարա Մանուկյանը իր բնակարանի հարթակում` նույն հարթակի հարևան և սույն գործով տուժող` Կ. Մարտիրոսյանի կողմից ապօրինի զուգարան կառուցելու կապակցությամբ հայցով դիմել է ՀՀ Վարչական դատարանի Գյումրու նստավայր և գործը դեռևս քննության փուլում է: Սա էլ թերևս պատճառ է հանդիսացել հարևանների միջև առաջացած սառը պատերազմին: Ավելացնենք նաև, որ Դոնարա Մանուկյանի շահերը վարչական դատարանում պաշտպանում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի ավագ փաստաբան` Կարեն Հովհաննիսյանը:
Դատական նիստը այսօր հետաձգվեց` գործով մեղադրյալ (ամբաստանյալ) Դոնարա Մանուկյանի միջնորդության կապակցությամբ: Վերջինս դատարանին խնդրեց հետաձգել դատական նիստը գործով փաստաբան ներգրավելու համար:
Դատարանը բավարարեց միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց դեկտեմբերի 12-ին ժամը 14.00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր- Տեր Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net