ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընդունեց Հայաստան ժամանած Ավստրիայի շուրջ 50 իրավաբաններից կազմված պատվիրակությանը՝ Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալիոս Կրաուտիի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Երվանդ Խունդկարյանը ողջունեց հյուրերին և հակիրճ ներկայացրեց դատական համակարգի կառուցվածքը, դատարանների կազմակերպման և գործունեության սկզբունքները, ինչպես նաև պատասխանեց հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի ապահովմանը, Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակին և բողոքները վարույթ ընդունելու հիմքերին ու մեխանիզմներին:
Ավստրիացի իրավաբանների պատվիրակության նախագահ Մարիա Էլիզաբեթը շնորհակալություն հայտնեց արդյունավետ քննարկման համար՝ հույս հայտնելով, որ հետագայում ևս հարթակներ կստեղծվեն երկու երկրների իրավաբանների փոխգործակցության խորացման և փորձի փոխանակման նպատակով: