«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում մի շարք փոփոխություններ են սպասվում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր։

Նախագծերի հիմնավորման մեջ նշվում է, որ այս օրենքն ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, որից հետո Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Արդյունքում Օրենքը պարունակում է մի շարք թերություններ և հակասություններ, ինչպես նաև չի համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ձևավորված պրակտիկային։

Ներկայացված նախագծով՝

  • կարգավորվել են կատարողական թերթ տալու կարգի, կատարողական թերթ տալու ժամկետների, կատարողական թերթ տալու դիմումի քննության արդյունքում կայացվող որոշումների, ինչպես նաև  դրանց բողոքարկման հետ կապված հարցերը.
  • նախատեսվել է դատական ակտի եզրափակիչ մասի մի մասով կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու հնարավորություն.
  • նախատեսվել է կատարողական թերթը դատական ակտի կատարված մասով մերժելու և չմերժված մասով տրամադրելու հնարավորություն.
  • հստակեցվել են հարկադիր կատարման փուլում որոշումների ուղարկման և ծանուցման ընթացակարգերը.
  • նախատեսվել է գրավի առարկան հայտնաբերելու անհնարինության դեպքում պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորություն միայն կատարողական թերթում այդ մասին նշված լինելու դեպքում.
  • սահմանվել է պարտապան-ֆիզիկական անձի դեպքում մինչև 100 000 դրամ բռնագանձման ենթակա գումարի պահանջով հարուցված կատարողական վարույթով գույքագրում չիրականացնելու մասին դրույթ, բացառությամբ այն դեպքերի, երբ Օրենքով սահմանված հարցումների արդյունքում պարտապանին պատկանող գույք չի հայտնաբերվել կամ հայտնաբերված գույքը բավարար չէ պարտավորությունների կատարման համար.
  • ներդրվել են պարտատիրոջ պահանջների բավարարումն ապահովող մեխանիզմներ՝ 100 000 դրամ և ավելի բռնագանձման ենթակա գումարով կատարողական վարույթ հարուցելու դեպքում հայտարարագիր, ինչպես նաև գույք կամ գույքային իրավունք ձեռք բերելու դեպքում նոր հայտարարագիր ներկայացնելու պարտականություն է սահմանվել.
  • նախատեսվել է, որ պարտապան-իրավաբանական անձի կամ նրա լիազորված անձի հետախուզումը ևս հայտարարվում է միայն այն դեպքում, երբ նրա բացակայությունն անհնար է դարձնում կատարողական վարույթի իրականացումը.
  • ամրագրվել է հարկադիր կատարողի կողմից պարտապանին պատկանող շինություն ընթերակաների պարտադիր մասնակցությամբ մուտք գործելու պարտականություն.
  • սահմանվել է, որ վտարումն իրականացվում է նաև այն դեպքում, երբ երկրորդ կամ հետագա աճուրդները չկայանալու արդյունքում գույքը հանձնվել է պարտատիրոջը.
  • ամրագրվել են միջանկյալ դատական ակտերի հիման վրա տրված կատարողական թերթերով հարուցված վարույթներով հարկադիր կատարողի որոշումները էլեկտրոնային եղանակով դատարանին ներկայացնելու վերաբերյալ կարգավորումներ.
  • սահմանվել է դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը հայցագնի չափը գերազանցելու, ինչպես նաև պարտավորությունը մասնակի կատարելու դեպքերում արգելանքը մասնակի հանելու հնարավորություն.
  • «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով լրացվել են կատարողական մակագրության թերթ տալու պայմանները.
  • «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվել են հարկադիր էլեկտրոնային աճուրդի և տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գնի հետ կապված խնդիրները.
  • «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է վարչական ակտով սահմանված դրամական միջոցների հարկադիր կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն.
  • «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է կատարողական թերթի պատճենը տրամադրելու համար պետական տուրքի չափը.
  • «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով որպես պետական գրանցման վարույթի հարուցման հիմք նախատեսվել է պարտավորեցման հայցով կայացված վճռի հիման վրա տրված կատարողական թերթ ստանալու մասին դիմումի պատճենը:

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարողական վարույթի արդյունավետության բարձրացում, այդ թվում՝ կատարողական թերթ տալու կարգի և ժամկետների հստակեցում, պարտապանին պատկանող գույ­­քի հայտնաբերման, պարտապանին պատ­կա­նող գույքի հայտարարա­գրման, չգրանցված իրավունք­նե­րի գրանցման և դատական ակ­տերի կամավոր կատար­ման խթանման գործիքակազ­մի ներդնում:

Հավալենք, որ նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել