Կառավարությունը վաղը՝ հոկտեմբերի 9-ին, հերթական նիստի ժամանակ որոշում կընդունի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց սեփականության իրավունքով հանձնել Ազգային ժողովի աշխատակազմին ամրացված 294 քառակուսի մետր մակերեսով, 2 միլիոն 499 հազար դրամ հաշվեկշռային արժեքով ուղեգորգը։
Նշված գորգը գնվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի N323-Ն որոշմամբ իրականացված գնման գործընթացի արդյունքում՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից։ Դրա ամբողջակյան տարբերակը 600 քառակուսի մետր է։ Այս ուղեգորգն օգտագործվել է Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահի այս տարվա ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած Հայաստանի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողության ժամանակ:
Արարողությունից հետո 306 քմ մակերեսով ուղեգորգը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, իսկ 294 քառ. մետրը մնացել է մարզահամերգային համալիրի տարածքում:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 294 քառ. մետր մակերեսով ուղեգորգը, որն անվնաս ապամոնտաժման և տեղափոխման անհնարինության պատճառով չի տեղափոխվել, հաշվառված է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում:
Հավելենք, որ նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կողմից: