Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային, հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:
«ՀՀ գլխավոր դատախազությունը խորը կսկիծով տեղեկացավ սիրելի գործընկերոջ՝ Սահակ Կարապետյանի անժամանակ մահվան մասին:
Այն մեծ կորուստ է բոլորիս համար, ուստի ցանկանում ենք մեր խորին վշտակցությունը հայտնել բոլորի կողմից հարգված մարդու, բազմավաստակ և մեծ պրոֆեսիոնալի անդառնալի հեռացումի կապակցությամբ:
Լինելով իր մասնագիտության և ընկերության նվիրյալը՝ նա վաստակել է իրեն բոլոր ճանաչողների սերն ու ակնածանքը: Այդ լուսավոր անհատի բարի հիշատակը կուղեկցի մեզ մեր ամբողջ կյանքի ընթացքում:
Անկեղծորեն կիսում ենք Ձեր վիշտը և մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մեր գործընկերոջ հարազատներին և մտերիմներին»,-նշված է ցավակցական հեռագրում:
ՀՀ գլխավոր դատախազը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու Սահակ Կարապետյանի հուղարկավորությանը: