Հոկտեմբերի 11-12-ը կլինեն ոչ աշխատանքային օրեր

Հավանության է արժանացել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծով առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի անցկացմամբ, որին կմասնակցեն ավելի քան 40 երկրների ղեկավարներ: Ըստ այդմ՝ գագաթաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերը՝ հոկտեմբերի 11-12-ը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով: Օրինագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ, առաջարկություններ: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է դրույթը առավել նպատակահարմար ձևակերպել և առաջարկել «չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա ա յցի դեպքում» նախադասությունը շարադրել հետևյալ կերպ՝ «բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ», հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Վերոնշյալ օրինագիծն ընդունելու նպատակով կառավարության մեկ այլ որոշմամբ առաջարկվել է ԱԺ նախագահին հոկտեմբերի 5-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմամբ: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է առանձին հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսելով որպես հանցագործությ ան առավել վտանգավոր տեսակ՝ նախատեսել առավել խիստ պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարելու հրապարակային կոչերի, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, եթե առաջացրել է այդ հանցանքները կատարելու իրական վտանգ: Արդյունքում՝ կքրեականացվեն ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարում պետության քրեական քաղաքականության խստացմանը, այդ հանցագործությունների կանխմանը և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը:

Գործադիրը հավանություն է տվել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներակայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ օրինագծի ընդունումը հնարավորություն կտա զգալիորեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները՝ մասնակիորեն լուծելով դրանց գերբեռնվածության խնդիրը։ Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխության համաձայն՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Նախատեսվում է նաև նախագծին տալ հետադարձ ուժ: Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: Գործադիրի առաջարկության համաձայն, մասնավորապես, նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե դրա ընդունման արդյունքում ինչպես վարվել այն դատապարտյալների հետ, որոնց պատժի վերահաշվարկի արդյունքում կստացվի, որ դատարանի կողմից սահմանված պատժից ավելի ժամկետով «գտնվել են» քրեակատարողական հիմնարկում:

«Պարոն Մարուքյանի առաջարկած նախագծի հիմնական շարժառիթը ՔԿ-ների բեռնաթափումն է, որը ինչ-որ ձևով կապ ունի համաներման հետ: Եվ քանի որ համաներում հայտարարելու ենք, կարծում եմ՝ այդ խնդիրը լուծվում է: Մանավանդ, որ մեզ մոտ իսկապես հիմա կալանքի կիրառման պրակտիկան փոխվել է. ավելի քիչ թվով մարդիկ են կալանավորվում և ՔԿ-ների գերբեռնվածության խնդիրն էլ լիարժեք լուծված է: Նպատակը, որը դրված է նախագծում, կարծում եմ՝ լուծում ենք, և հավելյալ բարդություններ առաջացնելու խնդիր չկա»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել