Նոր նախագիծ՝ ԲԴԽ դատավոր անդամներին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը և հատուցման կարգը սահմանելու մասին

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքւոմ հրապարակվել է օրինագիծ՝ «Մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը և հատուցման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ Կառավարության սահմանած չափով և կարգով հատուցվում են գիշերավարձը, մարզից Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ինչպես նաև օրապահիկը: Վերոնշյալ կարգավորումը, ըստ էության, ուղղված է Բարձրագույն դատական խորհրդի նիստերին մասնակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

Ընդ որում՝ ճանապարհածախսը, օրապահիկը և գիշերավարձը գործուղման մեկնած աշխատողներին փոխհատուցելու հետ կապված հարաբերությունները կարգավորված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ:

Միաժամանակ, Կառավարության դեռևս 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N  194-Ն որոշման 7-րդ կետի համաձայն՝ ի թիվս այլ պաշտոնատար անձանց, Դատական դեպարտամենտի ղեկավարին առաջարկվել է մեկամսյա ժամկետում կանոնակարգել համապատասխան մարմիններում պաշտոնատար անձանց և այդ մարմիններն սպասարկող ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման պայմանները, այդ թվում` սահմանաքանակները: Վերոնշյալի հաշվառմամբ՝ նախագծով սահմանված կարգավորումներն ուղղված են նրան, որ մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նիստերին մասնակցությունն առաջնահերթորեն ապահովվի Դատական դեպարտամենտին հատկացված ծառայողական մեքենաների միջոցով և միայն դրա անհնարինության դեպքում կիրառվեն նախագծով սահմանված փոխհատուցման միջոցները:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերոհիշյալը վկայում է «Մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը և հատուցման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:

«Մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին խորհրդի նիստին մասնակցելու կապակցությամբ գիշերավարձի, մարզից Բարձրագույն դատական խորհրդի նիստի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի և օրապահիկի չափը և հատուցման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել՝

1) դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստին մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցման դեպքերը,

2) դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստին մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցման առավելագույն չափերը,

3) դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստին մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսի, օրապահիկի և գիշերավարձի հատուցման կարգը և ժամկետը:

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել մարզում պաշտոնավարող Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստերին մասնակցելու կապակցությամբ կատարված ծախսերը հատուցելու դեպքերի, չափի և կարգի հետ կապված հարաբերությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել