Իլհամ Ալիևի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու վերաբերյալ. Նիկոլ Փաշինյանը

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատմելով Ալիևի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ունեցած զրույցի մասին, նշել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումը ոչ ֆորմալ էր, ըստ էության, դա մեր առաջին հանդիպումն էր»:

«Մենք պայմանավորվեցինք, որ մեր ՊՆ-ներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում և ընդհանրապես լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ իր վարչապետ ընտրվելուց հետո երեկվա գիշերը սահմանային դրությունն ամենահանգիստն է եղել:

«Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և ես հույսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն»,-նշեց Փաշինյանը:

Տեսանյութը՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել