Լրատվամիջոցն ընդդեմ լրագրողի. նոր դատական հայց

NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ 1-in.am լրատվական կայքի լրագրող Սոնա Հարությունյանի․ հայցի հիմք է հանդիսացել Սոնա Հարությունյանի գրառումը ֆեյսբուքյան իր էջում։ Գրառման մեջ Սոնա Հարությունյանը նշել է․

«Վերջին շրջանի փոփոխությունները չեն շրջանցել նաև մեզ՝ լրագրողներիս ու լրագրողական համերաշխություն ասվածը.

Ուրեմն երեկ news.am կայքը իր էջում տեղադրել է ՀՅԴ-ի տարածած հայտարարությունը, որը վերաբերում է իմ նյութին։ Նախ նկատենք, որ այս կայքը իր պատմության մեջ երբեք գործընկեր լրատվամիջոցի վերաբերյալ որեւէ հայտարարություն, հերքման տեքստ երբեք չի հրապարակել։ Դա իրենք էլ կարող են փաստել։ Բայց դե այս անգամ չեն կարողացել դեմ չգնալ իրենց սկզբունքներին, քանի որ պատվերը տվել է ԳՆՈՐԴԸ։ Ընդ որում զավեշտալին այն է, որ կայքի պատասխանատուները այնքան են շտապել ԳՆՈՐԴԻ պատվերը կատարել, որ ՀՅԴ-ի հայտարարության հետ մեկտեղ հրապարակել են նաև կայքի տեղադրողին տրված հանձնարարականը, որը, կրկին շտապելուց, շատ անհաջող է կատարվել, քանի որ ՀՅԴ թեկնածուի դեմքը սկզբւմ աղավաղված էր։
Ի դեպ, դրա փոխարեն ՀՅԴ հայտարարության տակ կարող էին օրերս տարածած պարզաբանումը դնել, որ Քոչարյանն իրենց չի առել, որ թյուրըմբռնում չառաջանար»։

Փաստաբան Արամազդ Կիվիրյան

Գործով NEWS.am-ի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը  Իրավաբան․net-ի հետ զրույցում նշեց, որ գրառումը թե՛ վիրավորանք, թե՛ զրպարտություն է․ «Պահանջները տվյալ դեպքում զրպարտության և վիրավորանքի համար 1087.1 հոդվածով (պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները) նախատեսված այն իրավակարգավորումն է և նաև գումարային պահանջ է ներկայացված, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում»,-նշեց նա։

Պահանջ է ներկայացվել նաև, որ Սոնա Հարությունյանն իր էջում պետք է հերքում տեղադրի, իսկ դատական ակտի հրապարկումից հետո՝ նաև դատական ակտը։ Փաստաբանը նշում է, որ էական չէ, թե ինչ հարթակում է որևէ սուբյեկտի մասին հրապարակային խոսք հնչել՝ եղել է ֆեյսբուքյան էջում, մամուլի ասուլիսի տեսքով, թե մեկ այլ կերպ։

Սոնա Հարությունյան

«Սա ինչ-որ կերպ կհասկանայի, եթե հայցվորը լիներ որևէ անձ, քաղաքական գործիչ, բայց ոչ մի կերպ չեմ ընկալում, որ դա անում է լրատվամիջոցը, և ինչպես իրենք են նշել հայցադիմումում՝ առաջատար լրատվամիջոցը՝ բավական մեծ լսարան ունեցող։ Հայցադիմումում ֆեյսբուքյան իմ գրառումը որակվել է որպես հոդված, ասեմ, որ դա իմ անձնական տիրույթում արված գրառում է և բացարձակ հոդված չէ ու ոչ մի կերպ չեմ ընկալում դա դատարանում վեճի առարկա դարձնելը», -մեզ հետ զրույցում նշեց Սոնա Հարությունյանը։

Հարցի առնչությամբ դատական այցը ներկայացվել է ոչ միայն ընդդեմ Սոնա Հարությունյանի, այլև՝ «Դարեսկիզբ ՍՊԸ»-ի։ 

Խոսքը վերաբերում է «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված «Արարատ, Արմնյուզ, Հ2, News.am, Երկիր Մեդիա, ֆեյքեր. որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը» վերտառությամբ հոդվածին:

«Օգտատերը ֆեյսբուքում թույլ է տվել հրապարակային արտահայտություններ՝ փորձելով հղում կատարել նրան, որ կան ինչ-որ գնորդներ, որ իբր ինչ-որ պատվերներ են տալիս և ընկերությունն իբր կատարում է այդ պատվերները։ Բարի լինեն, թող դատական պրոցեսների ընթացքում ապացուցեն իրենց կողմից հրապարակայնորեն արտահայտված այդ արտահայտությունները»,- նշեց Արամազդ Կիվիրյանը։

Սոնա Հարությունյանը նշում է, որ իրականում ինքը չէ այն սկզբնաղբյուրը, թե՝ «Քոչարյանը գնել է NEWS.am-ը»․ «Մինչև իմ հրապարակումը, եթե անգամ սոցիալական ցանցում հաշթագերով կամ որևէ որոնողական համակարգով փնտրեք, կտեսնեք, թե որքան գրառումներ կան, լրատվամիջոցներում անգամ հրապարակումներ կան դրա վերաբերյալ։ Ես իմ գրառումը բխեցրել եմ մինչ այդ կատարված պնդումներից, հրապարակումներից։ Ինչպես իրենք են նշում, այս հոդվածը արատավորում է իրենց գործարար համբավը, բայց այս գրառումը չէ, որ արատավորում է իրենց գործարար համբավը։ Հաշվի առնելով այս երկու օրերին եղած արձագանը, կարող եմ ասել, որ իրենք իրենց դատական հայցով իրենց գործարար համբավին շատ ավելի մեծ վնաս են հասցրել, քան իմ արած գրառումը, որ ֆեյսբուքում ընդամենը 10-20 օգտատեր էր հավանել։ Հայցադիմումում իրենք վիրավորական են համարել «Բայց դե այս անգամ չեն կարողացել դեմ չգնալ իրենց սկզբունքներին» և սրա համար պահանջում են 100 հազար դրամ։ Եվս 100 հազար դրամ՝ զրպարտության համար»,-նշեց Սոնա Հարությունյանը։

Արամազդ Կիվիրյանն անդրադարձավ նաև նման գործերում դատարանների դերակատարությանը․ «Յուրաքանչյուր խախտված իրավունք ենթակա է վերականգնման, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի քաղաքական գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում և ցանկացած քաղաքական գործընթաց, որը տեղի է ունենում, այնուամենայնիվ, պետք է տվյալ դեպքում հետամուտ լինի, որպեսզի Հայաստանն իրապես հանդես գա որպես իրավական պետություն, և դատական իշխանության գործոնն այստեղ շատ եմ կարևորում։ Ներկայիս դատական համակարգը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա չի գոհացնում և շարունակում է չգոհացնել մեզ, սակայն այս պահին այն միայն օղակը, պաշտպանության միջոցն է, որին դիմում ենք՝ խախտված իրավունքները վերականգնելու համար»,-ասաց փաստաբանը։

Հավելենք նաև, որ Սոնա Հարությունյանի գործը մակագրվել է դատավոր Սամվել Մատինյանին, մյուս դատական գործը կնախագահի Երեմ Եսոյանը։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել