Կենտրոնական բանկը տեղեկացնում է նոր թողարկված հուշադրամների մասին

ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 25-ից շրջանառության մեջ է դրել «Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արևագորգ», «Արծվագորգ», «Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղվաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ», «Վահանով (վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ» արծաթե հուշադրամները: Այս մասին հայտնում են ԿԲ-ից:

Հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը և Ծաղկախաչ գորգի զարդանախշ (15-րդ դար, Վասպուրական): Հուշադրամների դարձերեսին պատկերված են Վիշապագորգը (17-րդ դար, Արցախ), Արևագորգը (18-19-րդ դարեր, Արցախ), Ջրաբերդ արծվագորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Խորանագորգը (19-րդ դար, Շիրակ), Խաչխորան գորգը (19-րդ դարի վերջ, Սյունիք), Մեղվաբուն գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Կենաց ծառ գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Վահանով (վահանակիր) գորգը (19-րդ դար, Տավուշ), Որոտան գորգը (19-րդ դար, Սյունիք) և Պռոշաբերդ գորգը (19-րդ դարի վերջ, Վայոց ձոր):

Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը՝ 1000 դրամ
Մետաղը/հարգը արծաթ 9250
Չափը 32,5 × 48,0 մմ
Քաշը 33,6 գ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը հարթ
Քանակը մինչև 500 հատ յուրաքանչյուր տեսակից

Էսքիզների հեղինակներն են Աննա Խաչատրյանը և Վարդան Վարդանյանը: Հատվել են Լիտվայի դրամահատարանում:

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել