Ռուսաստանի տարածքում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հանդեպ հայտարարված միջազգային հետախուզումը հանվել է. այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ իր աղբյուրին հղում անելով:
«Հարությունյանի հանդեպ հարուցված քրեական գործը, որը վերաբերում է Երևանում 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերին, ուսումնասիրելուց հետո որոշում է ընդունվել ՌԴ տարածքում հետախուզումը հանելու»,- ասել է աղբյուրը:
Նա հայտնել է նաև, որ Հարությունյանին Ռուսաստանի տարածքում վտանգ չի սպառնում, սակայն ԱՊՀ երկրներում գտնվելու դեպքում նա կարող է ձերբակալվել և հանձնվել Հայաստանին:
Նա ճշգրտել է նաև, որ նախկին նախարարին ձերբակալելու և արտահանձնելու դիմումը Մոսկվան ոչ թե Հայաստանի գլխավոր դատախազությունից, այլ միջազգային հետախուզման գծով է ստացել: Ստացված ծանուցման մեջ նշվում է նաև մեղադրյալին տնային կալանքի տակ առնելու հնարավորության մասին:
Ավելի վաղ մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ Հարությունյանին չեն արտահանձնի, քանի որ վերջինս դեռևս 2002 թվականից ռուսական անձնագիր ունի: