Ոստիկանությունից հայտնում են, որ Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում կան հասցեներ, որտեղ հաշվառված են բազմաթիվ քաղաքացիներ (կա հասցե, որտեղ հաշվառված է 245 անձ)։
ՀՀ ոստիկանությունը բազմիցս անդրադարձել է նշված խնդրին։ Պատճառները մի քանիսն են։
1. Կան հասցեներ, որոնք ընդգրկում են տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են մեկ հասցեով։ Տվյալ տները կադաստրային գրանցում չունեն և հասցեավորված չեն։
2. Կան հանրակացարանային բնակելի տարածություններ, որոնց սենյակները դեռ չեն սեփականաշնորհվել և կադաստրային հասցե չեն ստացել։ Բնակիչները հաշվառված են ընդհանուր մեկ հասցեով։ Սենյակների սեփականաշնորհումից հետո աստիճանաբար ստանում են առանձին հասցեներ և հաշվառվում կոնկրետ հասցեով։
3. Կան նախկին մանկապարտեզների, գործարանների, արտադրամասերի տարածքներ, որոնք առանձնացվել են առանձին բնակելի սենյակների և տրամադրվել ընտանիքների բնակության համար։ Քանի որ առանձին սենյակները չեն սեփականաշնորհվել և ստացել առանձին հասցեներ, բնակիչները հաշվառված են մեկ ընդհանուր հասցեում։
4. Կան բազմաթիվ հասցեներ, որոնք ընդգրկում են ընդհանուր բակում գտնվող տարբեր ընտանիքների պատկանող բնակելի տներ (շատ են հարազատական կապեր ունեցող ընտանիքները), որոնք կառուցվել և ընդլայնվել են տարիների ընթացքում, սակայն առանձին հասցեներ չեն ստացել։
5. Կան ծերանոցներ, անօթևանների կացարան, որոնք ունեն մեկական հասցեներ, սակայն բնակիչները շատ են։
Կից ներկայացվում է ցուցակը։