Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը գործադիրի անդամներին ներկայացրեց Կառավարության 2014 թվականի մարտի 6-ի համար 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որով սահմանված է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, նպաստ նշանակելու և վճարելու կարգը և այլն:
Նախատեսվում է, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամի փոխարեն սահմանել 150 հազար դրամ։
Նախարարը նշեց, որ առաջարկության հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին:
Ընդունվելու դեպքում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:
Նախագծի վերաբերյալ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը առաջարկություն արեց.
«Կարծում եմ զույգերի դեպքում կարելի է հանրագումարը կրկնապատկել: Առանց հումորի մի հարց էի ուզում տալ: Եթե զույգ են ծնվում, ո՞նց եք որոշում, թե որն է 2-րդ և որը 3-րդ երեխան: Ես առաջարկում եմ, որ զույգ ծնվելու դեպքում կրկնապատկվի ոչ թե 2-րդ երեխայի ծնունդը, այլ 2-րդի և 3-րդի կրկնապատիկը վճարենք, իսկ 3 երեխա ծնվելու դեպքում եռապատկվի: Բնության մեջ տենց բան էլ կա: Դա կանխատեսելի ֆիսկալ ծախս է»,-առաջարկեց փոխվարչապետը:
Այսինքն, փոխվարչապետը առաջարկում է 2-րդ երեխայի համար տրվող 150 հազարը և 3-րդ երեխայի համար տրվող 1 միլիոն դրամը գումարել իրար և բազմապատկել 2-ով: Այս պարագայում զույգ ունենալու դեպքում պետությունը կվճարի 2 միլիոն 300 հազար դրամ:
Նիկոլ Փաշինյանի առաջարկով՝ նախագիծը լրամշակված կներկայացվի հաջորդ կառավարության նիստին:
«Մեզ անհրաժեշտ է babyboom, այսինքն ծնելիության կտրուկ աճ»,-նշեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում