Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կառավարության անդամները որոշում կընդունեն Սիսիանի համայնքին գումար հատկացնելու մասին։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Նժդեհ բնակավայրում իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիր, ինչի շրջանակում համայնքի կողմից մշակված «Համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» պլանի համաձայն ջրարբիացման և կերարտադրության ավելացման համար ձեռք է բերվելու գյուղտեխնիկա և տրամադրվելու է այդ նպատակով նախորդ տարի ստեղծված «Նժդեհ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին՝ կերային կուլտուրաների ցանքի և կերերի կուտակման նպատակով: Ծրագրով նախատեսված գյուղտեխնիկայի ընդհանուր արժեքը կազմում է 50 միլիոն 100 հարյուր հազար դրամ:
Գումարի 80%-ը՝ 40.080.000 դրամը կտրամադրվի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից, իսկ 20%-ը՝ 10.020.000 դրամը կոոպերատիվի համաֆինանսավորման գումարն է: Նորաստեղծ կոոպերատիվը կարող է կատարել միայն 5,000,000 ՀՀ դրամի ներդրում: Հաշվի առնելով, որ գյուղը սահմանամերձ է, իսկ ծրագիրը գյուղի համար կարևոր նշանակություն ունի, անհրաժեշտություն է առաջացել աջակցել մնացած գումարի համաֆինանսավորման հարցում: