Абдулла, таможня дает добро!
«Անապատի սպիտակ արևը» կինոնկարից
Հայաստանում համացանցի զարգացմանը և նրանից օգտվող անձանաց շրջանակների ընդլայնմանը զուգահեռ մեծանում է նաև համացանցում գործող արտասահմանյան առևտրային հարթակներից, մասնավորապես, համաշխարհային հսկա` առևտրային հարթակից օգտվողների թիվը:
E-bay-ի նման առևտրային հարթակները թույլ են տալիս մարդկանց ուղիղ գնել և վաճառել իրենց ապրանքներ` ինչպես նոր, այնպես էլ օգտագործված` առանց տարածությունների, պետությունների միջև առկա սահմանների և այլ խոչնդոտների` յուրաքանչյուր մարդ դառնում է համաշխարհային շուկայի օգտվող: Տարածությունները կրճատվում և պետությունների սահմանները ջնջվում են միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներ իրականացնող կազմակերպությունների շնոհիվ:
Համացանցում գործող առևտրային հարթակներում կարելի է գտնել ամեն ինչ` սկսած փոքրիկ և մատչելի մանրուքներից, մինչև ռեակտիվ ինքնաթիռներ: Մեզանից յուրաքանչյուրը մտնելով նման շուկա կարող է համոզվել՝ այն գումարները, որոնք մենք ծախսում ենք ոչ առաջնային ապրանքների ձեռքբերման համար բազմապատիկ ավելի բարձր են այդ իրերի իրական արժեքից: Տվյալ փաստի գիտակցումը առաջացնում է համացանցում գործող առևտրային հարթակներ մատչելի գնով ապրանք ձեռք բերելու ցանկություն:
Իսկ ինչպե՞ս է վերաբերվում մաքսային ծառայութունը մեր կողմից կատարված գնումներին, արդյո՞ք չի առաջացնում խնդիրներ կապված մարդկանց կողմից ձեռք բերված ապրանքների ստացման հետ:
Տեսնենք, ինչպես է կարգավորում օրենքը տվյալ հարցը: Այսպես, Մաքսային օրենսգրքի 105 հոդվածի 2 կետով սահմանում է, որ ֆիզիկական անձինք կարող են, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, մաքսային սահմանով առանց մաքսատուրք վճարելու տեղափոխել միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքներ, որոնց ընդհանուր քաշը չի գերազանցում 20 կիլոգրամը, իսկ ընդհանուր մաքսային արժեքը` 150 հազար դրամը»: Նույն հոդվածի 8 կետով սահմանվում է, որ. նույն անձը վերանշյալ արտոնությունից կարող է գտվել 180 օրվա ընթացքում մեկ անգամ:
Իսկ ինչ է տեղի ունենում պրակտիկայում: Համացանցում գործող առևտրային հարթակներից գնում կատարած միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներ իրականացնող կազմակերպությունների միջոցով ապրանքը ստացող ֆիզիկական անձանց մեծամասնության համար, եթե ապրանքի գինը 150 հազար դրամից, իսկ ընդհանուր քաշը 20 կիլոգրամից պակաս է, անկախ այն հանգամանքից 180 օրվա ընթացքում ֆիզիկական անձը քանի անգամ է ստանում մաքսային սահմանով անցած ապրանքներ (իհարկե խելամտության սահմաններում)` մաքսային ծառայության աշխատողները ֆիզիկական անձին տալիս են արտոնություն:
Անձնական փորձից ելնելով, կարող եմ նշել, որ բացի մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի վճարումից, մաքսազերծման ենթակա ապրանքի հետ կապված, կարող են առաջանալ լրացուցիչ անսպասելի ծախսեր: Օրինակ, մաքսային միջորդի (բրոքերի) ծառայություններից օգտվելու համար վճարը, որը սկսվում է 24 հազար դրամից: Ենթադրելով, որ գնված ապրանքի արժեքը 150 հազար դրամից պակաս է, իսկ, նման հարթակներում գնված ապրանքների գերակշռող մասի արժեքը տատանվում է 5-ից 40 հազար դրամի սահմաններում, 24 հազար դրամի վճարումը դառնում է ոչ նպատակահարմար և անարդար:
Այսպիսով ստացվում է, որ շատ դեպքերում մաքսային ծառայության աշխատողները, հաշվի առնելով տարբեր, օրենքով չամրագրված հանգամանքներ, օրինակ` բրոքերների ծառայություններից օգտվելու անմատչելիությունը և նման իրավիճակում հայտնված մարդկանց իրենց խափված զգալու զգացումը, կիրառում են արտոնություններ, որոնք օրենքով նախատեսված չեն:
Գտնում եմ, որ մեզ պետք չեն խիղճ ունեցող օրինազանց մաքսային ծառայության աշխատակիցներ` մեզ պետք են արդար օրենքներ, իսկ մաքսային ծառայության աշխատողները պետք է գործեն տվյալ օրենքների` արդար օրենքների տառի հիման վրա: