Կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխմանն ուղղված օրենքի նախագիծը շուտով վերջնական տեսք կստանա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բարեփոխման նպատակով մշակվել է Օրենքում փոփոխություններ անելու մասին օրենքի նախագիծ, որի աշխատանքային տարբերակը քննարկվել է շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների հետ։ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակում առաջարկվում են փոփոխություններ, որոնք, հաշվի առնելով ժողովրդագրության և քաղաքացիների սոցիալական բեռին առնչվող խնդիրները, համակարգը կդարձնեն առավել գրավիչ, ընդունելի և հնարավորություն կտան սոցիալական խնդիրները փոխկապակցել լուծումների հետ։
Օրենքի նախագիծը վերջնական տեսք կունենա ՀՀ կառավարության՝ ոլորտին առնչվող բոլոր գերատեսչությունների միասնական դիրքորոշումը ձևավորելուց հետո։ ՀՀ վարչապետի կողմից նախապես տրված հանձնարարականի համաձայն՝ քննարկված վերջնական առաջարկությունները կներկայացվեն ՀՀ վարչապետին, այնուհետև օրենքի նախագիծը կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի քննարկմանը: