Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր քաղաքի 30-ամյա Հայարփի Զարգարյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվել է 2014 թվականին: Իսկ մինչ այս, 2010 թվականից աշխատել է վերաքննիչ ատյանի դատավորի օգնական:
Իրավաբան.net-ը շարունակում է ներկայացնել երիտասարդ դատավորների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
Այսպիսով, Հայարփի Զարգարյանը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է․
- 2 հատ հողամաս,
- 1 հատ կիսակառույց շինություն,
- MITSUBISHI COLT 1300 GLI մակնիշի ավտոմեքենա,
- 3 միլիոն դրամ խնայողոթյուն,
- 1.8 միլիոն դրամի եկամուտ, որից 628 000 դրամը եղել է աշխատանքի վարձատրությունը, իսկ 1 234 860 դրամը ստացվել է այլ եկամուտներից:
2014 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ այս տարում է նա ձեռքբերել իր MITSUBISHI COLT մակնիշի ավտոմեքենան՝ 1,2 միլիոն դրամով: Տարեսկզբին նրա խնայողությունները եղել են 2․5 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 3 միլիոն դրամ։ Եկամուտը կազմել է շուրջ 1,86 միլիոն դրամ, որից 628 236 դրամը եղել է աշխատանքի վարձատրությունն, իսկ 1 234 860 դրամն՝ այլ եկամուտները, որոնց աղբյուրը նշված չէ։
2015 թվականին դատավորի խնայողություններն ավելացել են միանգամից 4 միլիոն դրամով՝ կազմելով 7 միլիոն դրամ: Եկամուտը նույնպես աճել է՝ կազմելով շուրջ 6 միլիոն դրամ, որն ամբողջությամբ ստացվել է աշխատանքի վարձատրությունից։
2016 թվականին նրա դրամական միջոցները շարունակել են աճել և կազմել են 9․5 միլիոն դրամ։ Եկամուտը էապես չի փոխվել, աշխատավարձի դիմաց տարեկան ստացվել է 6,1 միլիոն դրամ:
2017 թվականին ներկայացված հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա դրամական միջոցները դարձյալ աճել են՝ կազմելով 10․5 միլիոն դրամ։ Եկամուտը, նախորդ տարվա համեմատությամբ, էապես չի փոխվել. այն ստացվել է աշխատավարձից և կազմել է 6,22 միլիոն դրամ:
Արդյոք ստացվո՞ւմ է, որ երիտասարդ դատավորն իր ունեցվածքը կուտակում է զուտ աշխատավարձի միջոցներով՝ առանց այն ծախսելու, առանց այն տարրական պահանջմունքների բավարարմանը ուղղելուն, ինչպիսիք են, օրինակ, հագուստի, սննդի, հայտարարագրված մեքենայի վառելանյութի և սպասարկման, հանգստի, ամենօրյա անձնական խնամքի, և այլ անհրաժեշտ ծախսերին։
Այս դատավորի նախագահությամբ քննած և քննվող դատական գործերին կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ։