Հայաստանի սահմանային կետերն անխափան անցնելու համար անհրաժեշտ է երկու ծնողների համաձայնությունը

Երեխային Հայաստանի տարածքից դուրս տանելու համար անհրաժեշտ է անձնագիր՝ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետների մասին նշումով։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝

 Անձնագիրը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար։

Նշանակում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու համար ՀՀ քաղաքացին, այդ թվում նաև՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխան անպայման պետք է ունենա ՀՀ անձնագիր։

Նույն օրենքի մեկ այլ հոդվածի համաձայն՝ մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:

Փաստորեն, եթե ծնողներից մեկը դիմում է ՀՀ ոստիկանություն մինչև 16 տարեկան երեխային անձանգիր տրամադրելու հարցով, ապա ենթադրվում է, որ նա նպատակ ունի երեխային Հայաստանի տարածքից դուրս տանել, թեկուզև կարճ ժամանակով, և դրա համար մյուս ծնողի համաձայնությունը պարտադիր չէ։ Իսկ եթե դատական կարգով կամ նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ արդեն իսկ որոշված է երեխայի բնակության վայրը՝ որպես ծնողներից մեկի բնակության վայր, ապա այդ ծնողն իրավունք ունի գրավոր ձևով արգելելու, որ մյուս ծնողին ՀՀ ոստիկանությունը երեխայի անձնագիր տրամադրի։

Միմյանցից առանձին ապրող կամ ամուսնալուծված ծնողներից այն ծնողը, ում մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան, իրավունք ունի ՀՀ ոստիկանությանը գրավոր հայտարարություն ներկայացնելու և արգելելու, որ երեխային անձնագիր տրամադրվի մյուս ծնողի դիմումի հիման վրա։

Հայաստանի սահմանային կետերն անխափան անցնելու համար անհրաժեշտ է երկու ծնողների համաձայնությունը։

Եթե միաժամանակ առկա չէ երկու ծնողների համաձայնությունը, ապա սահմանային մարմինը կարող է սահմանափակել երեխայի՝ Հայաստանի տարածքից դուրս գալու իրավունքը և թույլ չտալ երեխային դուրս բերել Հայաստանից, բայց կարող է և չսահմանափակել ու արգելք չհանդիսանալ։

Երեխայի ազատ տեղաշարժվելու հարցում խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է  նոտարական կարգով վավերացված համաձայնություն վերցնել այն ծնողից, ով երեխայի հետ չի մեկնում Հայաստանից դուրս և իր համաձայնությունը չի տվել երեխային անձնագիր տալու համար դիմում ներկայացնելիս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել