Պաշտպանվողը պետք է գիտակցի, որ չափից դուրս մեծ վնաս է հասցնում ոտնձգողին, ինչն արդարացված չէ տվյալ իրադրությունում

Անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմաններն են՝

  1. ոտնձգության հանրային վտանգավորությունը.
  2. ոտնձգության առկայությունը.
  3. ոտնձգության իրական լինելը.
  4. վտանգ սպառնալը անձի, հասարակության, պետության շահերին.
  5. վնաս հասցնելը միայն ոտնձգողին.
  6. պաշտպանության համարժեքությունը ոտնձգությանը:

1.Առաջին պայմանի դեպքում՝ ոտնձգությունն օժտված է հանրային վտանգավորությամբ, եթե այն անձի, հասարակության, պետության շահերին կարող է էական վնաս հասցնել:

2.Երկրորդ պայմանի դեպքում` ոտնձգությունը համարվում է առկա այն դեպքում, երբ այն արդեն սկսվել է, ընթացքի մեջ է և չի ավարտվել, ինչպես նաև այն դեպքում, երբ առկա է ոտնձգությունը սկսելու իրական, անմիջական սպառնալիք: Այսինքն անհրաժեշտ պաշտպանությունն անթույլատրելի է արդեն ավարտված ոտնձգության դեպքում, բացառությամբ այն դեպքի, երբ վնաս պատճառողը չի գիտակցել ոտնձգության ավարտման փաստը: Ոտնձգությունից առաջացած հուզմունքի պատճառով պաշտպանվողին կարող է թվալ, թե ոտնձգությունը դեռևս չի ավարտվել և անհրաժեշտ է պաշտպանվել: Այս դեպքում, թեև պաշտպանությունն անժամանակ է, այսինքն՝ ուշացած է, այն այնուամենայնիվ, իրավաչափ է:

3.Երրորդ պայմանի դեպքում ոտնձգությունն իրական է, եթե այն իրոք կատարվում է և ոչ թե պաշտպանվողի երևակայության արդյունք է:

4.Չորրորդ պայմանի դեպքում` անհրաժեշտ պաշտպանությունը ներառում է ոչ միայն սեփական, այլ նաև ուրիշ անձանց իրավունքների, ինչպես նաև հասարակության և պետության շահերի պաշտպանության դեպքերը: Ընդ որում, այլ անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությունն իրականացնող անձը կարող է պաշտպանությունն իրականացնել սեփական նախաձեռնությամբ` առանց սպասելու, որ իրենից օգնություն խնդրեն:

5.Հինգերորդ պայմանի դեպքում` անհրաժեշտ պաշտպանությունն իրականացվում է միայն ոտնձգողին վնաս հասցնելու միջոցով: Այսինքն, եթե անգամ հնարավորություն կա պաշտպանությունն իրականացնել այլ միջոցներով (օրինակ` փախչել, դիմել այլ անձանց կամ պետական մարմինների օգնությանը), բայց պաշտպանություն իրականացնողը ընտրում է պաշտպանության այն ձևը, որը կապված է ոտնձգողին վնաս պատճառելու հետ, իրականացված պաշտպանությունը չի համարվի ոչ իրավաչափ:

6.Վեցերորդ պայմանը պաշտպանության համարժեքությունն է ոտնձգությանը: Անհրաժեշտ պաշտպանությունը համարժեք չէ ոտնձգությանը, եթե պաշտպանության և ոտնձգության միջև անհամապատասխանությունն ակնհայտ է, այսինքն` ոտնձգողին հասցվում է այնպիսի ծանր վնաս, որը տվյալ պայմաններում անկասկած արդարացված չէ: Ընդ որում, ոտնձգության և պաշտպանության միջև եղած անհամապատասխանությունը պետք է ակնհայտ լինի հենց իր՝ պաշտպանությունն իրականացնողի համար: Պաշտպանվողը պետք է գիտակցի, որ չափից դուրս մեծ վնաս է հասցնում ոտնձգողին, ինչն արդարացված չէ տվյալ իրադրությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել