Հայաստանի Հանրապետության օրենսգրքերում, օրենքներում, մի շարք իրավական ակտերում կիրառվում է «նվազագույն աշխատավարձ» ձևակերպումը:
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 55.000 դրամ է: Միաժամանակ, նույն օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը:
Հետևաբար Հայաստանի Հանրապետության օրենսգրքերում, օրենքներում, վերը նշված իրավական ակտերում «նվազագույն աշխատավարձ»-ի հաշվարկը կատարելիս պետք է հիմք ընդունվի 1.000 ՀՀ դրամը: Օրինակ՝
ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Նշված հոդվածում նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկը 100.000 ՀՀ դրամն է (100 x 1.000 ՀՀ դրամ):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1341–րդ հոդվածի համաձայն՝ պետական ծառայողների կողմից ծառայողական ավտոտրանսպորտը և տեխնիկական այլ միջոցներն անձնական կարիքների համար օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Նշված հոդվածում նվազագույն աշխատավարձի տասնապատիկը 10.000 ՀՀ դրամն է (10 x 1.000 ՀՀ դրամ):