Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում

Անեծքը պարսավելի արարք է և առաջացնում է այն անձի դժգոհությունն ու վրդովմունքը, ում դեմ ուղղված է: Սակայն այդ արարքի հետ կապված հարաբերություններն օրենքի կարգավորման ոլորտում չեն գտնվում, և  անեծքն արգելող կամ անեծքի համար պատիժ նախատեսող իրավական նորմ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ:

Այլ է հարցը բամբասանքի դեպքում: Բամբասանքի հետ կապված հարաբերությունները որոշակի չափով գտնվում են օրենքի կարգավորման տիրույթում: Այսպես՝

այն դեպքերում, երբ բամբասանքն իր մեջ պարունակում է վիրավորանքի կամ զրպարտության տարրեր, կարող են կիրառվել վիրավորանքի կամ զրպարտության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի դրույթները: Նշված իրավանորմը սահմանում է, որ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է, իսկ զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) հրապարակայնորեն ներողություն խնդրել (ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը).

2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը (հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը).

3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`

1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը (հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով).

2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել