Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է: «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու իրավունք ունեն.
– ՀՀ ոստիկանությունը,
– Ազգային անվտանգության մարմինները,
-Քրեակատարողական ծառայության մարմինները` միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի նախնական կալանքի վայրերում և ուղղիչ աշխատանքային հիմնարկների տարածքներում:
«Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, և եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է:
«Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման ընդհանուր ժամկետը չի կարող 12 ամսից ավելի տևել: