Պետական գաղտնիքն անժամկետ չէ. օրենսդրությամբ սահմանվում են հստակ ժամկետներ գաղտնիքների գաղտնազերծման համար

Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 10-րդ հոդվածը, ինչպես նաև խոսքի ազատությունը սահմանող միջազգային այլ փաստաթղթեր նշում են, որ խոսքի և տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել պետական անվտանգության պաշտպանության անհրաժեշտությամբ, որը դիտվում է որպես այս հիմնարար իրավունքների սահմանափակման օրինական հիմք:

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը սահմանում է պետական գաղտնիք հասկացությունը: Օրենքի 2-րդ հոդվածը սահմանում. «Պետական գաղտնիքը ՀՀ ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել ՀՀ անվտանգության համար»:

 Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է ծառայողական գաղտնիք հասկացությունը.  դրանք վերը նշված ոլորտների այն տեղեկություններ են, որոնք «պահպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել ՀՀ անվտանգությանը։ Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը»:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ   հոդվածն արգելում է պետական գաղտնիքի հրապարակումը՝ որպես քրեորեն պատժելի արարք. «Արգելվում է օրենքով սահմանված կարգով գաղտնի համարվող կամ քրեորեն պատժելի արարքներ քարոզող, ինչպես նաև այնպիսի  տեղեկատվության  տարածումը, որը խախտում է մարդու անձնական կամ   ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը»: «Տեղեկատվության  ազատության  մասին» ՀՀ  օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասը նույնպես արգելում է հրապարակել այնպիսի տեղեկատվություն, որը պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք։

Թեև օրենսդրությունն արգելում է պետական գաղտնիքի հրապարակումը, միևնույն ժամանակ այն չի հստակեցնում «պետական գաղտնիք» հասկացության սահմանները, այլ միայն մեկ հոդվածով (հ. 2-րդ) տալիս է համապատասխան տեղեկությունների ընդհանուր ուրվագիծը։ «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարությունը «մշակում և հաստատում է պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը»: Պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 13-ի 173 որոշմամբ:

Գոյություն ունի պետական գաղտնիքի 3 աստիճան` գաղտնի, հույժ գաղտնի և հատուկ կարևորության` կախված գաղտնի տեղեկությունների կարևորությունից, բնույթից և դրանց պաշտպանության համար անհրաժեշտ միջոցների ծավալից։ Պետական գաղտնիքն անժամկետ չէ. օրենսդրությամբ սահմանվում են հստակ ժամկետներ գաղտնիքների գաղտնազերծման համար։ «Պետական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը սահմանում է, թե որքան ժամանակով կարող է տվյալ տեղեկությունը գաղտնիք համարվել: Այսպես՝ «հատուկ կարևորության» եւ «հույժ գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները իրենց գաղտնիությունը պահպանում են մինչև 30 տարի, ընդ որում՝ անհրաժեշտության դեպքում կառավարությունը կարող է սահմանել գաղտնագրման առավել երկար ժամկետ: «Գաղտնի» գաղտնիության աստիճան ունցող տեղեկություններն իրենց գաղտնիությունը պահպանում են մինչեւ 10 տարի: Պետական մարմինները կարող են երկարացնել գաղտնագրված տեղեկությունների պահպանության՝ նախկինում սահմանված ժամկետները, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամանակով: Կառավարության որոշմամբ դրանք կարող են գաղտնազերծվել նաև ժամկետից շուտ:
Գաղտնազերծումից հետո տեղեկությունները պետք է եռամսյա ժամկետում հանձնվեն ՀՀ պետական արխիվի պահպանությանը, որտեղ արդեն դրանք մատչելի են դառնում հասարակության բոլոր անդամների համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել