Կենսաթոշակային համակարգի մասնակիցները կարող են ինքնուրույն ընտրել կնսաթոշակային ֆոնդ և կառավարիչ

Եթե Դուք կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից եք, ապա ինքնուրույն կարող եք ընտրել կենսաթոշակային ֆոնդ, որտեղ կուտակվելու է Ձեր գումարը, և ֆոնդի կառավարիչ, որն այդ միջոցներով կատարելու է ներդրումներ` Ձեզ համար եկամուտ ապահովելու նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից։

Կենսաթոշակային ֆոնդ ընտրելով` մասնակիցն ընտրում է այն քաղաքականությունը, որով կառավարվելու են նրա գումարները, և, համապատասխանաբար, եկամտաբերությունը. որքան ռիսկային է ֆոնդը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ եկամուտները բարձր կլինեն, և հակառակը:

Կայուն եկամտային ֆոնդը ցածր ռիսկային է և ապահովում է կայուն, սակայն ցածր եկամուտ: Այս ֆոնդի միջոցներն ամբողջությամբ ներդրվում են պարտատոմսերում և բանկային ավանդներում:

Պահպանողական ֆոնդը միջին ռիսկային է` միջին եկամտաբերությամբ. ֆոնդի միջոցների մինչև 25 տոկոսը ներդրվում է ռիսկային ֆինանսական գործիքներում (բաժնետոմսեր), իսկ մնացած մասը` պարտատոմսերում և բանկային ավանդներում:

Հավասարակշռված ֆոնդը բարձր ռիսկային է, ավելի մեծ է նաև բարձր եկամտաբերության հավանականությունը: Ռիսկային գործիքներում ներդրումները հասնում են մինչև 50 տոկոսի:

Այս երեք տիպի կենսաթոշակային ֆոնդերը կառավարում են երկու կառավարիչները` «Ցե Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթը» և «Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթը»: Երկու ընկերությունների պաշտոնական կայքերում կարելի է գտնել ֆոնդերի եկամտաբերության մասին տեղեկությունները, որոնք նույնպես կարող են օգնել ընտրություն կատարելիս:

Կուտակային համակարգին նոր միացած մասնակիցները ֆոնդ և կառավարիչ կարող են ընտրել արդեն այսօր` առանց սպասելու, որ իրենց համար կատարվի առաջին հատկացումը: Ներկայացնելով կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում` մասնակիցը արդեն այդ պահից սկսած կունենա իր անհատական կենսաթոշակային հաշիվը, որի միջոցով կհետևի իր կուտակային հատկացումներին: Իսկ նրանք, ում համար նախկինում ավտոմատ համակարգն է ընտրություն կատարել, ցանկացած ժամանակ կարող են փոխել ընտրված ֆոնդն ու կառավարիչը:

Ֆոնդի ընտրությունը կարելի է կատարել առցանց` www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգի միջոցով` եթե ունեք նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք, կամ հաշվի օպերատորների միջոցով: Վերջինները միջնորդ օղակ են մասնակցի և Կենտրոնական դեպոզիտարիայի միջև, որտեղ և բացվում ու պահպանվում են կենսաթոշակային հաշիվները:

Հաշվի օպերատորներն են` Արդշինբանկը, Էյչ-Էս-Բի-Սի բանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, Հայփոստը, ՎՏԲ Հայաստան բանկը: Հաշվի օպերատորին անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և հանրային ծառայության համարանիշ կամ միայն նույնականացման քարտ:

Սահմանված ժամկետներում (առաջին հատկացումը Կենտրոնական դեպոզիտարիա փոխանցվելուց և մասնակցի համար կենսաթոշակային հաշիվ բացվելուց հետո 30 օր) մասնակցի կողմից ընտրություն չկատարելու դեպքում ավտոմատ համակարգը, պատահական ընտրության սկզբունքով, կընտրի կառավարիչներից մեկի պահպանողական ֆոնդը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել 114 անվճար թեժ գծին կամ նամակ ուղղել այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել