ՀՀ քաղաքացիական դատավարության 126-րդ հոդվածի համաձայն, առաջին ատյանի դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`
- գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով.
- նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման.
- նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է արբիտրաժի վճիռ կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի.
- նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում.
- հայցը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ներկայացված պահանջների խախտմամբ:
Առաջին ատյանի դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում՝ այն հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ ուղարկելով հայցվորին: Դատարանի որոշումն ուղարկվում է նաև հայցադիմումում նշված այլ անձանց:
Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման մեջ նշվում են հայցադիմումի ընդունումը մերժելու բոլոր հիմքերը:
Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերոնշյալ օրենսգրքով սահմանված կարգով:
Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են սույն օրենսգրքով նախատեսված հայցադիմումը վերադարձնելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը: