Ռուբեն Հայրապետյանի պաշտպանները միջնորդեցին

 

Երևանի քաղաքի Ավան և Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ այսօր շարունակվեց ազգագրագետ, «Վահե Ավետյան» հասարակական շարժման ներկայացուցիչ Հրանուշ Խառատյանի բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին քաղաքացիական հայցի քննությունն ընդդեմ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի:

 

Նախնական դատական նիստին ներկայացել էին հայցվոր Հրանուշ Խառատյանի պաշտպան Մհեր Արշակյանն ու Կարապետ Բադալյանը, պատասխանող Ռուբեն Հայրապետյանի կողմից՝ փաստաբաններ Կարեն Պետրոսյանն ու Վահե Մովսիսյանը: Դատարանը, լսելով կողմերի կարծիքն առանց հայցվորի ու պատասխանողի դատական նիստը շարունակելու վերաբերյալ, որոշեց դատական նիստը շարունակել:

 

Պատասխանողի կողմից դատարանին ներկայացվեց Ռուբեն Հայրապետյանի ստորագրությամբ, նոտարական կարգով վավերացված հայտարարություն, ըստ որի՝ 4 փաստաբաններին լիազորում է իր անունից հանդես գալու դատարանում:

 

Պատասխանող կողմի փաստաբան Կարապետ Բադալյանը դատարանին ներկայացրեց միջնորդություն հայցվորի ներկայացուցիչ Մհեր Արշակյանին այս գործով դատական ներկայացուցչություն իրականացնելը չճանաչելու վերաբերյալ: Որպես հիմնավորում ներկայացվեց այն, որ Մհեր Արշակյանը նույն պատասխանողի դեմ հարուցված 3 քաղաքացիական գործերով ներգրավված է որպես հայցվորի ներկայացուցիչ և պարբերաբար ներկայացուցչություն է իրականացնում (Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի և Գարեգին Չուքասզյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի):

 

Որպես պարզաբանում՝ Մհեր Արշակյանը նշեց, որ երեք գործերը միաժամանակ են ներկայացվել դատարան և առանց այդ հարցի շուրջ խնդիր առաջացնելու ընդունվել են վարույթ: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է այդ երեք գործերը միավորել մեկ քաղաքացիական գործի շրջանակներում, քանի որ նույն պատասխանողի դեմ երեք գործերում էլ հայցի հիմքերն ու առարկան նույնն են:

 

Դատարանը նախնական դատական նիստը հետաձգեց, քանի որ Հրանուշ Խառատյանի պաշտպանները դատական նիստ ունեին նշանակված Դավիթ Սանասարյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի՝ բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին քաղաքացիական գործով: Պաշտպանական կողմի ներկայացրած միջնության վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի դեկտեմբերի 6-ին:

 

Հիշեցնենք, որ Հրանուշ Խառատյանի դատարան դիմելու պատճառը եղել է Ռուբեն Հայրապետյանի Ֆրանսիայում լույս տեսնող Nouvelles d’Armenie պարբերականին տված հարցազրույցը: Նա հայտարարել էր, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում Վահե Ավետյանի սպանությունից հետո քաղաքացիական ակտիվիստներն իր տան առաջ բողոքի ակցիաներ անցկացելով ոտնձգություններ են իրականացրել իր ընտանիքի նկատմամբ:

 

«Համարենք, թե ես մեղավոր եմ, թե ես վատն եմ, շատ վատն եմ: Իմ երեխաներն ինչո՞ւ պիտի պատասխան տան դրա համար: Դա ճի՞շտ է, դա ազնի՞վ է: Տունն ի՞նչ կապ ունի, ընտանիքի հանդե՞պ եք ոտնձգություն անում, ընտանիքի վրա՞ եք գնում, հայ ազգն արդեն այդքան ճիճուացա՞վ, ճիվաղացա՞վ»,- Nouvelles d’Armenieին ասել էր Ռուբեն Հայրապետյանը` հավելելով, որ կտեսնեն, թե ահաբեկելը ոնց է լինելու:
«Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչեւ մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ…»,- նշել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատերը։

 

 

Նունե Հովսեփյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել